Forbes պարբերականը հրապարկել է ԱՄՆ 60 ամենահաջողակ կանանց վարկանիշային աղյուսակը, որոնք ճանաչման են հասել սեփական ուժերով: Ցուցակում տեղ է գտել ձեռնարկատեր և Alex and Ani-ի հիմնադիր Կարոլին Ռաֆայելյանը, որի կարողությունը գնահատվել է 1 մլրդ դոլար (18-րդ հորիզոնական):
Աղյուսակում տեղ գտած կանանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 61.5 մլրդ դոլար, իսկ ցուցակում հայտնվածների տարիքը տատանվում է 27-90-ի սահմաններում: Նրանցից 18-ի կարողությունը գնահատվում է մեկ միլիարդ և ավելի:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Little Caesars Pizza-ի համահիմնադիր, ձեռնարկատեր Մարիան Իլիտչը. նրա կարողությունը գնահատվում է 5.1 մլրդ դոլար: Իլիտչին հաջորդում է ABC Supply ընկերության համահիմնադիր Դիանա Հենդրիքսը՝ 4.9 մլրդ դոլարով:
Ցուցակի երրորդ հորիզոնականը կիսում են Love ընկերության գործադիր քարտուղար Ջուդի Լավը և հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին. նրանցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 2.9 մլրդ դոլար:
5-րդ տեղում The Gap-ի համահիմնադիր Դորիս Ֆիշերն է, որի կարողությունը գնահատվում է 2.7 մլրդ դոլար:
Facebook ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը, որը ընկերության պատմության մեջ տնօրենների խորհրդի առաջին կինն է, զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը՝ 1.6 մլրդ դոլար կարողությամբ:
Պարբերականի վարկածով ամենաերիտասարդ հաջողակ կանայք են 27-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթը (280 մլն դոլար) և 35-ամյա երգչուհի Բեյոնսեն (350 մլն դոլար) և It Cosmetics ընկերության 39-ամյա ղեկավար և համահիմնադիր Քերն Լայման (410 մլն դոլար):
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ