Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկայինը բարձր նշաձող է սահմանել». Բաբկեն Թունյան

Մայիս 18,2017 15:15

Ըստ ՊԵԿ հաշվետվությունների՝ խոշոր հարկատուների մոտ ստվերը նվազել է մոտ 32 տոկոսով:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը «168 ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը նշեց, թե հարկերի աճը պայմանավորված է խոշոր հարկատուների ստվերի կրճատմամբ: Այնուհետև նկատեց, որ հարկայինը բարձր նշաձող է սահմանել. «Այս տարվա կանխատեսումներով՝ այնպես է ստացվել, որ հարկայինը, մուտքերը գերակատարելով, շեմը բարձրացրել է, և կառավարությունն այս տարվա համար 50 միլիարդ դրամ ավելի գումար է պահանջելու հավաքել: Աստված տա, որ դա տնտեսական ակտիվությանը չազդի»:

Տնտեսական մեկնաբանի պնդմամբ՝ կարևոր է այն, որպեսզի հարկային բեռն այնքան բարձր չլինի, որ ձեռնտու լինի աշխատել ստվերի դաշտում. «Գործարարը կամ քաղաքացին մնում է ստվերում, եթե ստվերի ծախսերն ավելի քիչ են, քան օրինական դաշտում աշխատելու ծախսերը: Եթե մարդ գտնում է, որ հարկային տեսուչին կաշառք տալն ավելի թեթև է, քան հարկային բեռը, միշտ կմնա ստվերում: Հարկային վճարներն այնքան պիտի լինեն, որ դրանք բեռ չդառնան գործարարի վրա: Կարևոր են նաև հավասար մրցակցային պայմանները»:

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, «Ստվերային տնտեսությունը Հայաստանում» գրքի հեղինակ Հրանտ Միքայելյանի հաշվարկներով՝ ՀՆԱ-ն ՀՀ ստվերային տնտեսության մեջ ըստ մարտի վերջի տվյալների՝ կազմում է 29.7 տոկոս: Նա մանրամասնեց. «Ըստ իմ հաշվարկի` ստվերային տնտեսությունը կրճատվեց 7 ոչ թե 14 տոկոսով, իսկ այդ 10.5 տոկոսի, որով հարկերն ավելի շատ հավաքվեցին, մոտ 7 տոկոսը վերաբերում է տնտեսական աճին, 1 տոկոսը գնաճին և մնացածն է միայն վերաբերվում հենց ստվերային տնտեսության հետ աշխատելուն ու դա հարկելու արդյունքներին»:

Պարոն Միքայելյանը դեռ համոզված չէ, որ ներդրումներն այնքանով աճել են, ինչքանի մասին խոսվում է. «Կարևոր է, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում կառավարությունը: Բացի այդ արտաքին համատեքստն է կարևոր: Եթե ՌԴ-ն, որը եղել է բավականին խոշոր ներդրող ՀՀ տնտեսության մեջ, այսօրվա դրությամբ ոչ մի ներդրում չի անում, այստեղ կառավարության վարած քաղաքականությունը կապ չունի: Ինչ վերաբերում է ԵՄ երկրներին, ապա Վրաստանն արդեն ասոցացման պայմանագիր է ստորագրել, տրանսպորտային առումով ավելի մոտ է Եվրոպային և Doing businnes ծրագրով մեկ ֆուռայի ծախսերը 10 տոկոսով էժան է Վրաստան տանել, քան Հայաստան: Պարզ է, որ բիզնեսի համար ավելի ձեռնտու է Վրաստանում աշխատելը»:

Բաբկեն Թունյանին մտահոգում է այն փաստը, որ ՀՀ տնտեսությունը դոլարայնացված է. «Դրա համար վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ մեծ հույսեր կապել ու նշել, որ դրա արդյունքում տնտեսությունը կզարգանա, սխալ է: Բանկային վարկով բիզնես անելը, ներդրում անելն այսօր մեզանում տանում է դեպի կործանման, քանի որ մեզ մոտ վարկերի տոկոսները բարձր են»:

Հրանտ Միքայելյանը համոզված է, որ ամեն դեպքում այն քաղաքականությունը, որն ուղղված է գնաճը նվազեցնելուն, չի խթանում տնտեսական աճին: Մասնագետները հույս ունեն, որ եթե այս պահի դրությամբ ՀՀ-ում 6.4 տնտեսական աճ կա, ուստի եթե ներդրումներ լինեն, հնարավոր է 3.2 տոկոս նախանշված տնտեսական աճից բարձր ցուցանիշ ունենանք տարեվերջին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031