ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանը մտադիր է մնալ Ազգային ժողովում։ «Երբ ուզենամ գնամ, ցանկացած պահի կարող եմ գնալ», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Զուրաբյանը։
Նրա խոսքով, ինքը որևէ պարտավորություն և պայմանավորվածություն չունի, ի տարբերություն «Ծառուկյան» դաշինքի այլ պատգամավորների։ «Ես որևէ պարտավորություն չունեմ կոնկրետ հրաժարվելու մանդատից։ Բայց ես ինքս կարող եմ որոշել թողնել մանդատը, վերցնել մանդատը, էլի թողնել մանդատը», – ասաց պատգամավորը։
Նա տեղեկացրեց, որ խոսել է Ծառուկյանի հետ ,և վերջինս ասել է, որ պետք է վերցնել մանդատը։
«Ճիշտն ասած՝ ԿԸՀ-ում մանդատը վերցնելուց հետո փոշմանել եմ միանգամից։ Շատ տհաճ է, մշտապես լսել, որ դու ինչ-որ դավադրության մասնակից ես կամ ինչ-որ պրոցեսի մասնակից ես, որի մասնակից իրականում չես եղել», – ներկայացրեց պատգամավորը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ