Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ազգային կոխ ըմբշամարտն ոչ միայն մարզական, այլ նաև մշակութային արժեք է. Վաղինակ Գալուստյան

Մայիս 18,2017 14:17

Քննարկում՝ հայկական ազգային կոխ ըմբշամարտի զարգացման հետագա ծրագրերի վերաբերյալ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացել է քննարկում՝ հայկական ազգային կոխ ըմբշամարտի հետագա զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Քննարկումը, որին մասնակցել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում վերապատրաստում անցած մարզիչները, նախաձեռնել էր «Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս ֆեդերացիայի նախագահ Վաղինակ Գալուստյանի:

Վ. Գալուստյանը տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունեցել տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ՝ ազգային կոխ ըմբշամարտի մարզումները ոչ միայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող, այլ նաև այլ գերատեսչական պատկանելության մարզադպրոցներում կազմակերպելու նպատակով: «Սա ոչ միայն մարզական, այլ նաև մշակութային արժեք է, որ մեզ է փոխանցվել, և որը պարտավոր ենք պահպանել ու ժառանգել հաջորդ սերունդներին»,- ասել է ֆեդերացիայի նախագահը: Նա նաև տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա աշնանը նախատեսվում է անցկացնել ազգային կոխ ըմբշամարտի ՀՀ առաջնություն, որի արդյունքները լավ ստուգատես կլինեն հայ մարզիկների համար:

Քննարկմանը մասնակցել են ըմբշամարտ, ձյուդո և սամբո մարզաձևերի ավելի քան 20 մարզիչներ: Ներկաները համակարծիք են եղել, որ համատեղ ուժերով հնարավոր է պատանի մարզիկների մեջ սեր ու հետաքրքրություն առաջացնել հայկական ավանդական այս մարզաձևի նկատմամբ:

Հանդիպման ավարտին ֆեդերացիայի նախագահ Վ. Գալուստյանը մարզիչներին է հանձնել մարզահագուստ՝ իրենց սաներին փոխանցելու համար: «Մարզահագուստի տեսքը դեռևս վերջնական չէ: Սրանով ձեր սաները կսկսեն իրենց մարզումները, հետագայում՝ բոլորիդ կարծիքները լսելուց հետո, հնարավոր է մշակվի մարզահագուստի նոր տարբերակ»,- հավելել է Վ. Գալուստյանը:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031