«Ելք» դաշինքն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:
ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հիշեցրեց, որ Էդմոն Մարուքյանը թեզ ուներ, որ խորհրդարանականները պետք է զենք կրեն, զինված լինեն:
Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ այո, նման առաջարկ ինքն արել է, որ ԱԺ պատգամավորները զենք ունենան. «Երբ ես դա ասում էի, դրա հետ նաեւ ասում էի, որ այս շենքում եւ ընդհանրապես պատգամավորներ ունենք, ովքեր ունեն զենք եւ կրելու իրավունք: Նրանք անհավասար են մյուս պատգամավորների հետ: Երբ որ ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանն իր շքամուտքում ծեծի էր ենթարկվում, այդ ժամանակ նրա զենք կրելու իրավունքն ու հնարավորությունը արգելք կհանդիսանար ծեծողի համար, նա մեկ անգամ ավել կմտածեր՝ արժե՞ գնալ ընդդիմադիր պատգամավորի շքամուտքի մոտ նրան սպասել»:
Նա ասաց, որ եթե մի պատգամավոր ունի զենք կրելու իրավունք, ուրեմն բոլորը պետք է ունենան: Մարուքյանն ընդգծեց, որ երբեք չի ասել, որ պատգամավորները պետք է զենք ունենան հանձնաժողովներում քննարկումների ժամանակ, իրար հետ հաշիվ մաքրելու համար: Անգամ նոտարը զենք կրելու իրավունք ունի, այսինքն, նոտարի գործունեությունն ավելի պատասխանատու ու վտանգավոր է, քան ԱԺ պատգամավորի՞նը:
Խոսրով Հարությունյանի հիմնավորումը հետեւյալն է՝ «Երբեմն ԱԺ հանձնաժողովներում, միջանցքներում կրքերն այնքան են բորբոքվում, որ որտե՞ղ է երաշխիքը, որ այդ ինքնապաշտանության միջոցը չի օգտագործվի»:
Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ երաշխիքն այնտեղ է, որ ԱԺ-ի տարածք պատգամավորները եւ առհասարակ զենքով չեն կարող մտնել:
Ինձ մոտ միշտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է լինում, որ ընդդիմադիր պատգամավորներին են մենակ ծեծում, չե՞ք մտածել այդ մասին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ