Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով հերթական դատական նիստում այսօր վերջինիս պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանը միջնորդություն ներկայացրեց՝ գործը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանի ինքնաբացարկի վերաբերյալ: «Մինչ այս պահը ձեր կողմից կայացրած որոշումները եւ պահվածքը հիմք են տալիս ենթադրելու, որ դուք կանխակալ վերաբերմունք եք ցուցաբերում քաղբանտարկյալ Արարատ Խանդոյանի վերաբերյալ»,-հայտարարեց պաշտպանը:
Միջնորդության մեջ նա հիմնավորել է՝ չնայած այն փաստին, որ նախորդ նիստում Արարատ Խանդոյանը հրաժարվել էր հանրային պաշտպան ունենալուց, հիշեցրել էր, որ իր պաշտպան Արա Ղարագյոզյանը հեռացված չէ վարույթից, դատավորն, այնուամենայնիվ, որոշել էր հանրային պաշտպան նշանակել: «Դուք խախտել եք քրեական օրենսգրքի պահանջը: Դուք ակնհայտ անօրինական վարքագիծ եք դրսեւորում՝ անձին զրկելով պաշտպանությունից»,-նկատեց Արա Ղարագյոզյանը:
Նա կարծիք հայտնեց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը քաղաքական պատվեր է կատարում: Դատավորն իր հերթին նշեց, որ դատաքննության ընթացքում դատավորի ինքնաբացարկի հիմքեր ի հայտ չեն եկել, ուստի միջնորդությունն անգամ չքննարկվեց: Պաշտպան Արա Ղարագյոզյանն առարկեց, որ ինքը դատավորի վարքագծի վերաբերյալ հայտարարություն ունի, սակայն Մնացական Մարտիրոսյանը նրան չթույլատրեց խոսել: Պաշտպանն ասաց, որ ինքն իրավունք ունի ցանկացած պահի հայտարարություն անել, սակայն դատավորը նրա հանդեպ նախազգուշացում կիրառեց:
Այս քայլը հերթական անգամ զայրացրեց Արարատ Խանդոյանին: «Հենց այստեղից էլ սկսվում են ձեր ապօրինությունները»,-հայտարարեց նա, ինչից հետո Խանդոյանին եւս նախազգուշացում տրվեց: Նիստն ընդմիջվեց:
Մանրամասները՝ հաջորդիվ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ