Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր պատգամավորները պետք է պատասխան տան իրենց արածի համար». Էդմոն Մարուքյանի խոստումը

Մայիս 18,2017 13:45

«Ես կլինեմ ԱԺ բոլոր պատգամավորների ԱԺ նախագահ: Ես նկատել եմ, որ 5 տարվա ընթացքում ԱԺ նախագահը նախապատվություն է տվել իր կուսակցական պատգամավորներին՝ տարբերակելով պատգամավորներին եւ անհավասար պայմաններ ստեղծելով, սակայն որեւէ մեկի մանդատն ավելի կարմիր չէ, քան մյուսներինը»,- այսօր ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահի պաշտոնում «Ելքի» կողմից առաջադրված թեկնածու Էդմոն Մարուքյանը:

Իմ նախագահության ընթացքում չի լինի որեւէ գերատեսչության նախագահ, նախարար, որը չի բարեհաճի ներկա լինի ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերին: Նախորդ տարիներին նա հիշեցրեց, որ եղել են արտոնյալ պատգամավորներ, որ երբեք ԱԺ շենք չեն մտել, հանձնաժողովների նիստերին չեն մասնակցել, քննարկմանը չեն եղել, կարծիք չեն հայտնել, պատգամավորների հարցերին չեն պատասխանել:

Նա ասաց, որ տեսել է, թե ինչպես են որոշ պատգամավորներ ոտքով մտել ԱԺ տարածք, որոշ պատգամավորներ իրենց մեքենաներով են մտել տարածք, որը խտրական վերաբերմունք է եղել: Նա խոստացավ, որ իր նախագահության ժամանակ չի լինի այդպիսի մոտեցում: Նա խոստացավ, որ իր օրոք չի խրախուսվի ուրիշի փոխարեն քվեարկությունները:

Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ «Ես անհանդուրժողական եմ լինելու էթիկայի կանոնների խախտումների նկատմամբ: Չեմ արդարացնելու, չեմ խրախուսելու որեւէ պատգամավորի կողմից էթիկայի կանոնների խախտումը, բոլորը պետք է պատասխան տան իրենց արածի համար»:

Մարուքյանը դժգոհեց, որ ընդդիմադիր պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունները դրվել են ԱԺ-ի ամենահեռու դարակը: Բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ ունեն, որ այդպես էլ չեն քննարկվել՝ լինելով հերթի մեջ:

ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասաց, որ ինքն էլ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ ունի, որոնք հերթի մեջ են եւ չեն քննարկվել: Ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Ես խոստանում եմ, ձեր խախտված իրավունքները նույնպես կվեականգնեմ»:

Գագիկ Մելիքյանը հարցրեց. «Ձեր ելույթը լսելով՝ այնպիսի տպավորություն ձեւավորվեց, որ Դուք պատկերացնում եք, թե ԱԺ նախագահը հիմնարկի ղեկավար է, բայց ԱԺ նախագահը ԱԺ-ի խոսնակն է, նրա իրավունքների մեջ չի մտնում կարգադրել պատգամավորներին, ինչպե՞ս եք ազդելու մյուս պատգամավորների քվեարկության վրա, եթե դուք փոքրամասնություն եք»: Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ իր ելույթում նման բան չի ասել, որ պետք է ազդի քվեարկության վրա. «Ես լավագույնս պատկերացնում եմ, թե իշխանական բուրգում ով է ԱԺ նախագահը»: Նա վստահեցրեց, որ ԱԺ-ին երբեք որպես հիմնարկի չի վերաբերվել եւ կոչ արեց քվեարկել իր օգտին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031