Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովի մասնակիցները եկել են աջակցելու բացառապես կամավոր հիմունքներով. «ՍԱՍ» ՍՊԸ-ի իրավաբանը՝ ՍԱՍ-ի ձայնագրության մասին

Մայիս 18,2017 13:40

«ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովի մասնակիցները եկել են աջակցելու բացառապես կամավոր հիմունքներով. Այդ մասին Slaq.am-ին տված հարցազրույցում նշել է «ՍԱՍ» ՍՊ ընկերության իրավաբան, փաստաբան Շավարշ Փեթակչյանը:

Նա նշել է, որ նման նախընտրական հանդիպումներ կամ ժողովներ անցկացվել են գրեթե բոլոր թիմերում, որոնք այս կամ այն կերպ աջակցում են որևէ քաղաքական ուժի:

-Պարոն Փեթակչյան, կխնդրեի մեկնաբանություն տրամադրել ՍԱՍ գրուպի աշխատակիցների մասնակցությամբ ժողովի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ: Ինչպիսի՞ն է իրավիճակը այս պահին:

Գործով նախաքննություն է ընթանում: Նախաքննության մարմինը, ըստ իս, արհեստականորեն ստեղծված հասարակական կարծիքի ներքո, «ճնշում» է սկսել ՍԱՍ ԳՐՈՒՊ-ի և նրա աշխատակիցների նկատմամբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում շարունակաբար հարցաքննվում են հանդիպմանը մասնակցած կամ դրա հետ հնարավոր առնչություն ունեցող ՍԱՍ ԳՐՈՒՊ ընկերության աշխատակիցները:

– Ի՞նչ ճնշման մասին է խոսքը:

Նրանք կանչվում են քննչական ծառայություն աշխատանքային ժամերին, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում ընկերության գործունեության վրա: Աշխատանքի պրոցեսում առաջանում են բացեր, որոնք հնարավոր չի լինում լրացնել: Պարբերաբար պահանջվում են տարբեր տեսակի փաստաթղթեր և ցուցակներ: Այս քննչական գործողությունները վատ անդրադարձ ունեն ինչպես ընդհանուր աշխատանքային պրոցեսի, այնպես էլ մարդկանց առօրյա կենսակերպի վրա, և սա այն պարագայում, երբ քրեական գործ հարուցելու հիմքերը ի սկզբանե բացակայում էին:

– Կարո՞ղ եք հստակեցնել ինչի մասին է խոսքը:

22.12.2015թ. փոփոխություններով ՀՀ  Սահմանադրության 63-րդ հոդվածի 3-րդ մասն ուղղակիորեն արգելում է հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացուցի օգտագործումը: Այս կարևորագույն պահանջն անտեսելն արդեն խոսում է նախաքննության մարմնի մեղադրական ձեռագրի մասին:

Տարածված ժողովի ձայնագրությունում լսելի է աշխատակիցներին ուղղված սպառնալիքներ, ըստ որի բացասական հետևանքներ կառաջանան այն աշխատողների համար, ովքեր թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին չեն բերի ձայներ: Արդյո՞ք դա բավարար հիմք չէ՞ր քրեական գործի հարուցման համար:

Ոչ: Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի հատկանիշներով, ըստ որի պատասխանատվություն է նախատեսվում թեկնածուներից մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն Ընտրողին հարկադրելու համար… Մինչդեռ իրականում աշխատակիցներին որևէ  մեկը չի սպառնացել, որևէ մեկը ընտրողի կամքի իրականացմանը չի խոչընդոտել: Գաղտնիք չէ, որ ցանկացած իրադրությանը կամ երևույթին որոշակի գաղտնիության ձևաչափի հաղորդումը /տվյալ պարագայում ձայնագրության գաղտնի լինելու բնույթը/ բնական հետաքրքրության ավելի մեծ հասարակական ռեզոնանս է առաջացնում: Միայն այն հանգամանքը, որ ինչպես այդ հանդիպումից առաջ այնպես էլ հետո ընկերության որևէ աշխատակից երբևէ աշխատանքից չի հեռացվել ընտրություններում աջակցություն չցուցաբերելու համար վկայում է հարկադրանքի բացակայության մասին: Նամանավանդ, որ ձայնագրությունը տեղադրվել է արդեն ընտրություններից հետո: Դեռ ավելին, հանդիպումը վարողը դիմելով ակտիվիստներին՝ նշում է, որ սա խնդրանք է աջակցելու ընկերության հիմնադրին ակտիվ քարոզչության միջոցով, ինչպես նաև նշում է, որ «եթե կան մարդիկ, ովքեր այլ կուսակցություններին են հարում՝ ազատ են իրենց կամահայտնության հարցում»: Այս առումով քրեական գործի հարուցումը մեզ բոլորիս համար անակնկալ էր:

– Ներողություն, բայց ձայնագրության մեջ վարողը խոսում է վարձատրության մասին:

Վարողը ոչ թե խոսում է ընտրողին կուսակցության օգտին ձայն տալու համար վարձատրելու մասին, այլ խոսում է ակտիվիստներին, քարոզիչներին խրախուսելու մասին: Ձայնագրության մեջ լսվում է, որ լինելու են պարգևատրումներ ակտիվիստներին քարոզչական ակտիվ աշխատանքների համար: Սա նշանակում է և կարծում եմ երկրորդ մեկնաբանություն չի կարող լինել, որ խոսքը վերաբերում է բացառապես ակտիվիստներին:

– Ձայնագրության մեջ խոսվում է ՍԱՍ-ԳՐՈՒՊՒ աշխատակիցներին Փարիզ ուղևորություն տրամադրելու վերաբերյալ. Արդյո՞ք սա չի կարող դիտվել որպես ընտրակաշառք:

Քրեական օրենսգրքի 154,2 հոդվածի 2 մասի դիսպոզիցիան ընտրակաշառքը բնորոշում է որպես Ընտրողի՛ն կաշառք տալը, կրկնում եմ Ընտրողի՛ն: Մինչդեռ հանդիպմանը հնչող խոստումները վերաբերում են ոչ թե ընտրողներին, այլ ընկերության այն աշխատակիցներին ովքեր իրենց ակտիվ քարոզչությամբ կաջակցեն ընկերության հիմնադրին առավել շատ ձայներ ստանալուն: Այլ կերպ ասած դրամ կամ առավելություն ստանալու շահառուները ոչ թե ընտրողներն են հանդիսացել այլ հանդիպմանը մասնակցող ակտիվիստները: Այս առումով, իհարկե, կան աշխատողներ, որոնք մասնակցում են շտաբային աշխատանքներին, և որի դիմաց վարձատրություն են ստանում: Փարիզ ուղևորությունը ասվել է հումորով և բոլորն էլ այն ընկալել են որպես կատակ, քանի որ քարոզչական աշխատանքների համար վարձատրությունը և այդ ուղևորության ծախսերը ակնհայտ անհամաչափ են: Չեմ կարծում, որ ներկաներից որևէ մեկը լուրջ է վերաբերել դրան: Անհեթեթություն է այդ միտքը լուրջ ընդունելը:

– Այսինքն,  ժողովի անցկացումը օրինակա՞ն է եղել:

Նախ մասնակիցները եկել են աջակցելու բացառապես կամավոր հիմունքներով: Համոզված եմ, որ նախընտրական հանդիպումներ կամ ժողովներ անցկացվել են գրեթե բոլոր թիմերում, որոնք այս կամ այն կերպ աջակցում են որևէ քաղաքական ուժի:

Ընտրությունը թիմային պայքար է, բաղկացած կամավորների, թիմակիցների մարդկանց խմբից անկախ նրանց աշխատելու վայրի, զբաղեցրած դիրքից կամ պաշտոնից:

-Այնուհանդերձ համացանցում շրջանառվում են լուրեր Ընկերությունում լարվածության և վախի մթնոլորտի վերաբերյալ:

Վախի մթնոլորտ ընկերությունում ինչպես ներկայումս, այնպես էլ անցյալում երբևէ չի եղել: ՍԱՍ-ԳՐՈՒՊ-ը մեծ ընտանիք է, իսկ ժողովն անցել է ջերմ ընտանեկան մթնոլորտում: Ձայնագրության փոխարեն, եթե լիներ տեսաձայնագրությունը, համոզված եմ կնկատեիք, որ աշխատակիցներն իրենց ուղղված հարցերին պատասխանում էին լիովին հանգիստ, ժպիտով, հումորով: Վարողի և աշխատակիցների միջև ակնհայտ էր հարազատ, ջերմ և փոխադարձ վստահության մթնոլորտ: Միակ խնդիրը, թերևս, արհեստականորեն ստեղծված հասարակական հնչողության արդյունքում հարուցված քրեական գործի և քննչական մարմնի կողմից իրականացվող գործողությունների շուրջ ստեղծված լարվածությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031