ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Արա Բաբլոյանին ԱԺ նիստում պատգամավորները հարցեր են ուղղում:
«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց Բաբլոյանին. «Քիչ առաջ մամուլում տեսա եւ կցանկանայի ձեր պարզաբանումը, լրագրողը երբ հարց է տվել ձեզ, դուք ասել եք՝ ես մանկաբույժ եմ եւ գիտեմ ինչպես վարվել չարաճճիների հետ: Արդյոք ձեր վերաբերմունքը ԱԺ-ի՝ օրենսդիր բարձրագույն ներկայացուցչական մարմնի հանդեպ այնպիսի՞ն է, ինչպես մանկավարժի վերաբերմունքը դպրոցի աշակերտների հետ»:
Արա Բաբլոյանը պատասխանեց. «Կատակով տրված հարցին կատակով պատասխանել եմ»: Նա ասաց, որ լավ իմաստով է ասել, ոչ թե վատ:
Էդմոն Մարուքյանը նաեւ հարցրեց՝ նախորդ գումարման ԱԺ-ում եղել է երեւույթ, երբ պատգամավորները քվեարկել են մեկը մյուսի փոխարեն: Նա հարցրեց Բաբլոյանի դիրքորոշումը ուրիշի փոխարեն քվեարկության վերաբերյալ: Արա Բաբլոյանը անկեղծ խոստովանություն արեց. «Ես կարող եմ խոստովանել՝ եղել է դեպք, որ ինքս քվեարկել եմ, որի համար ներողություն եմ խնդրում ողջ հանրության առջեւ: Գտնում եմ, որ դա ճիշտ չէ՝ քվեարկել ուրիշի փոխարեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ