Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ավտովարորդները կասկածում են, որ «Յանդեքս» տաքսի ծառայությունը կաշառում է վերնախավին և բյուջե մի կոպեկ չի վճարում

Մայիս 18,2017 12:55

ՀՀ ավտովարորդները «դեմ» են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի վերանշանակմանը:

«Նոյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը վրդովվեց, թե երեք անգամ հանդիպում են ունեցել նախարարի հետ, բայց ամեն հանդիպումից հետո խաբված են մնացել. «Մենք ասում ենք՝ հասարակական խորհուրդ ստեղծեք, ասում է, եթե պիտի զոռբայությամբ հասարակական խորհուրդ պարտադրեք, չի ստացվելու: Ես ասում եմ՝ ինչո՞ւ չեք կիրառում օրենքը: Ասում եմ՝ ստեղծեք այդ խորհուրդը, որ մենք չգնանք նախարարի մոտ ցույցով, որ վարչապետի ամոթից իր մոտ կանչի: Հասարակական խորհրդի կանոնադրության մեջ նշված կլինի, որ այդ մարմինը վերահսկողություն պետք է սահմանի տրանսպորտի նախարարության քաղաքականության, ստորաբաժանումների աշխատանքի նկատմամբ»:

Տիգրան Հովհաննիսյանը հորդորեց, որ նախարարությունը զբաղվի նաև ավտոճանապարհներով ու հայտարարեց. «Ամոթ է, խայտառակվում ենք զբոսաշրջիկների մոտ: Դիլիջան-Իջևան ճանապարհը ասֆալտապատեք»:

Տիգրան Հովհաննիսյանը զգուշացրեց, որ իրենց պայքարը շարունակելու են բողոքի ակցիաների միջոցով: Օրինակ՝ վաղը կամ երկուշաբթի ցույց են կազմակերպելու Պետական եկամուտների կոմիտեի առաջ. բողոքն ու պահանջը լինելու է այն, որ «Յանդեքս» տաքսի ծառայությունը բերեն օրինական դաշտ: Պարոն Հովհանիսյանը մանրամասնեց. «Գոնե «ՋիՋԻ տաքսիի» հիմնադիրները մեր հայ գործարարներն են: Իհարկե, օրենք են խախտում, ապօրինի տաքսիներով են գործունեություն ծավալում, բայց գոնե հարկ են վճարում և պետական ռեգիստրում գրանցված են: «Յանդեքս»-ը ոչ տնօրեն, ոչ ղեկավար չունի, ոչ էլ հարկեր է վճարում ու գրանցված էլ չէ պետական ռեգիստրում: Մենք կասկածում ենք, որ «Յանդեքս»-ը կաշառում է մեր վերնախավին և բյուջե մի կոպեկ չի վճարում»:

Վարորդ Վահե Պետրոսյանը մտահոգություն հայտնեց, որ ավտովարորդներն աշխատում են անհավասար պայմաններում. «Դրա համար էլ մենք լիգայով փորձել ենք պայքարել, որ տաքսու վարորդների ներկայությամբ օրենքները կազմվեն: Թե չէ այժմ կան տաքսու վարորդներ, որոնք օրական երկու-երեք ժամ են աշխատում են, իսկ իրենցից 12 հազար դրամ գումար են գանձում, ինչպես մյուս վարորդներից»:

Հարցին` ի՞նչն է պատճառը, որ չեն լուծվում տաքսիների հետ կապված մի շարք խնդիրներ, օրինակ՝ վարորդի հիգիենիկ վիճակը, մեքենայում հնչող տհաճ երաժշտությունը, մեքենաների անսարքությունները և այլն, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, թե պատճառն այն է, որ դեռ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք կառավարությունը դրամաշնորհ շահեց. «Մեկ միլիոն դոլար շահեցին և բուժզննումն ու տեխզննումը հանեցին: Ու հիմա չանթերով, շորտերով, բրդուճով, համասեռամոլ, թմրամոլ և այլն, ով ուզում է, տաքսի է քշում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031