Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեշտալի դրվագներ՝ ԱԺ առաջին նիստում. Ծառուկյանը ճկվում է, Հասանովը ամեն ինչ խառնում (Տեսանյութ)

Մայիս 18,2017 12:25

ԱԺ առաջին նիստում զավեշտալի դրվագներ եղան:

Նախ, «Ելք» դաշինքը, որը բոյկոտել էր նախագահ Սերժ Սարգսյանի եւ կաթողիկոսի ելույթները, եկավ նիստերի դահլիճ:

Գագիկ Ծառուկյանը, որը «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավարն է, Սերժ Սարգսյանի երկարատեւ ելույթի ընթացքում հազիվ էր իր տեղը գտնում: Ելույթից անմիջապես հետո նա ոտքի կանգնեց, ձեռքերը վեր բարձրացրեց, մեջքը մի լավ ճկեց, նոր նստեց:

Նիստը վարող Կնյազ Հասանովը նիստը վարելիս անընդհատ շփոթվում էր: Պատգամավորների անուն-ազգանունները կարդալիս նա սխալ արտաբերեց «Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի ազգանունը: Գեւորգը ոտքի չկանգնեց՝ հորդորելով ճիշտ ասել իր ազգանունը:

ԱԺ առաջին նիստին 13 պատգամավոր բացակայում է:

Առաջադրվեցին ԱԺ հաշվիչ հանձնաժողովի թեկնածուներ: ՀՀԿ-ն առաջարկում է տեղերը բաշխել այսպես. 9 անդամից կազմված հանձնաժողովի 5 անդամ լինի ՀՀԿ-ից, «Ծառուկյանից»՝ 2, «Ելքից» եւ ՀՅԴ-ից՝ մեկական անդամներ ընդգրկել:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաշվիչ հանձնաժողովի բաշխման հետ համաձայն չեն, քննարկում չի եղել եւ պահանջում են, որ յուրաքանչյուր խմբակցությունից 2-ական ներկայացուցիչ լինի:

Շարմազանովը հորդորեց նախ իրենց առաջարկը դնել քվեարկության, նոր Նիկոլ Փաշինյանի:

Նիստը վարողը չէր կողմնորոշվում ինչ անել. «Կներեք, առաջին անգամն է»,- ասաց նա:

Հասանովը Զեյնալյանին ձայն էր տալիս, ասում էր՝ Փաշինյան, հետո ասաց՝ «ՀՀԿ-ի առաջարկած բանը քվեարկության ենք դնում», ավելի ուշ սկսեց քննարկման դնել մի հարց, որն արդեն դրվել էր. «Վայ, հա, էս արդեն կարդացել եմ»:

Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ հեռախոսազրույց են ունեցել եւ Փաշինյանն ասել է, որ համարենք քննարկումը կատարվել է: Փաշինյանն էլ ասաց, որ հույս ունի, ոչ թե Վահրամ Բաղդասարյանը դիտավորյալ է խեղաթյուրում, այլ դա թյուրըմբռնման արդյունք է:

Ի վերջո, հարցը դրվեց քվեարկության եւ «Ելքի» առաջարկը չընդունվեց:

Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ հաշվիչ հանձնաժողովում իրենց 5 թեկնածուներն են՝ Գագիկ Մելիքյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Ռուզաննա Մուրադյանը եւ Շիրակ Թորոսյանը:

«Ծառուկյան» դաշինքը ներկայացրեց այդ հանձնաժողովում Արայիկ Աղաբաբյանին եւ Շաքե Իսայանին, «Ելքը»՝ Լենա Նազարյանին, ՀՅԴ-ն՝ Սուրեն Մանուկյանին:

ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկվեց Արա Բաբլոյանի թեկնածությունը: ԱԺ նախագահն ընտրվելու է փակ գաղտնի քվեարկությամբ: ՀՀԿ-ն նախ շնորհակալություն հայտնեց Գալուստ Սահակյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում արդյունավետ աշխատանքի համար:

«Ելքը» առաջարկեց ԱԺ նախագահի պաշտոնում Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031