Հայաստանում 3 մլրդ դոլարի ներդրումներ ապահովելու մասին նախընտրական խոստումը բավական թանկ կարժենա վարչապետ Կարեն Կարապետյանի համար։
«Մենք այսօր ունենք հաստատված 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, հստակ գրված է, թե ֆինանսական աղբյուրն ով է, եւ արդյունքում ինչ ենք ունենալու, որքան աշխատատեղեր են լինելու։ Դրանից 830-850 մլն դոլարը նախատեսված է ներդնել 2017թ.-ին։ Այսօր կառավարությունում քննարկվում են նաեւ 5,3 մլրդ դոլարի ծրագրեր, որոնք տրամաբանական են, որպես բիզնես կարող են աշխատել, հավելյալ արժեք ստեղծել, աշխատատեղեր»,- նախընտրական քարոզարշավի օրերին մի քանի անգամ գրեթե նույն ձեւակերպումներով հայտարարել է վարչապետ Կարապետյանը։ Հ
ետո ե՛ւ վարչապետը, ե՛ւ կառավարության համապատասխան ոլորտի ներկայացուցիչները սկսեցին պարզաբանել, թե 3.2 մլրդ դոլար ներդրումների մասին խոստումը վերաբերում է առաջիկա հինգ տարիներին։
Սակայն, մասնագետների պնդմամբ, հազիվ թե նրան հաջողվի իրականացնել այդ խոստումը, եւ սա մեկ պարզ պատճառով. հիմնական գործոնները, որոնք խոչընդոտում են Հայաստան օտարերկրյա ներդրումների հոսքին, չեն վերացել, այլ ընդհակառակը, ավելի են սրվել, շարունակում է պահպանվել ամեն րոպե պատերազմի վերսկսման վտանգը (իսկ այդ վտանգի առկայության դեպքում որեւէ բիզնեսմեն չի ցանկանա վտանգել ֆինանսական միջոցները), Հայաստանը շարունակում է մնալ մեկուսացված վիճակում՝ շրջափակված երկու հարեւանի կողմից, բնակչությունը շարունակում է արտագաղթել, արդյունքում նվազում է նաեւ սպառողների քանակը, էլ չենք ասում տնտեսական դաշտում գործող ոչ տնտեսական օրենքների եւ հարկային տեռորի մասին։
Այնպես որ, հազիվ թե այս իրավիճակում օտարերկրյա գործարարները ցանկանան իրենց ֆինանսական միջոցները բերել Հայաստան, լավագույն դեպքում Կարեն Կարապետյանն իր անձնական կապերն օգտագործելով՝ կփորձի հիմնականում Ռուսաստանի հայ գործարարներին համոզել ինչ-որ ներդրումային ծրագրեր անելու ուղղությամբ, բայց սա շատ կարճ կտեւի, եւ բերված գումարն էլ խոստացված չափի չի լինի։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում