Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազնվություն+պրոֆեսիոնալիզմ-կոռուպցիա». Սերժ Սարգսյանն ԱԺ-ում հրապարակեց հաջողության իր բանաձեւը (Տեսանյութ)

Մայիս 18,2017 10:42

Այսօր 6-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստն է, որը վարում է տարիքով ամենամեծ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը:

Նա իր բացման խոսքում շնորհակալություն հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանին՝ ազգային փոքրամասնություններին մեծ տեղ տալու համար:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդն օրհնեց խորհրդարանը:

Տերունական աղոթքից հետո ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ՀՀԿ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, «Ելք» կուսակցությունների դաշինքին եւ ՀՅԴ-ին՝ ազատ, թափանցիկ եւ բարձր գնահատականի արժանացած ընտրությունների միջոցով ՀՀ գալիք 5 տարիների համար քաղաքական պատասխանատվության բաժին ստանձնելու համար: Շնորհավորում եմ 6-րդ գումարման ԱԺ բոլոր պատգամավորներին եւ մաղթում բեղուն աշխատանք»:

Նա հիշեցրեց Սահմանադրական բարեփոխումները՝ ասելով, որ այդ ժամանակ էլ հավատում էր, որ գալու է բեկումնային մի ժամանակաշրջան, որը լինելու է խոստումնալից եւ պատասխանատու: Ըստ նախագահի, այսօր եկել է այդ պահը:

Նա ասաց, որ այս կարեւոր շրջափուլում հենց այս պատգամավորներն են առաջին եւ գլխավոր քայլը կատարում: Բոլորը գիտակցում են, որ շատ գործ ունեն կատարելու, բայց ունեն ամուր կամք, մեծ լավատեսություն եւ փորձ՝ սկսած գործը հաջողությամբ ավարտելու համար:

Նախագահն ասաց, որ կարծիք կա, թե ավելի լավ է ունենալ թերի օրենք, քան ընդհանրապես օրենք չունենալ. «Դա մինիմալիստական մոտեցում է եւ ինձ համար անընդունելի»:

Երկրի համար պատասխանատու այս շրջանում, ըստ նախագահի, չենք կարող ունենալ թերի օրենք: Դա վնասաբեր է:

Սերժ Սարգսյանը հրապարակեց այն ցանկալի հաջողության բանաձեւը, որով պետք է առաջնորդվել. «Ազնվություն+պրոֆեսիոնալիզմ-կոռուպցիա»: Նախագահն ասաց, կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողական մոտեցում պետք է լինի: Նա նշեց, որ չնայած կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, բայց պետք է կատարելագործել հակակոռուպցիոն համակարգը. «Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն վանող է, անշահավետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031