Այսօր գիշեր ժամը 01․00-ի սահմաններում Գյումրու Կամոյի փողոցի 71 ա շենքի 3-րդ բնակարանում հայտնաբերել են նույն բնակարանի բնակիչ, 1994 թվականին ծնված Արթուր Աշոտի Հարությունյանի դին։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, երիտասարդի դին հայտնաբերվել է գլխի շրջանում բութ առարկաների բազմաթիվ ներգործությամբ։ Իսկ տունը եղել է խառնված վիճակում։ Հարուցվել է քրեական գործ սպանություն կատարելու փաստի առթիվ, որը զուգորդվել է ավազակային հարձակմամբ։
«Կատարված դեպքի վայր զննության արդյունքները վկայել են առ այն, որ առկա են ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ։ Իմ հանձնարարությամբ նշված հոդվածով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն», -ասաց դատախազը։
Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ինչպես նաև դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։
Նախաքննություն իրականացնող մարմինը տվել է նաև օպերատիվ հանձնարարություն։
Երիտասարդը բնակվել է մոր հետ, քույրը ուսանողուհի է Երևանում։ Մայրը մի քանի օրով գնացել է քրոջ մոտ, զանգահարել է, սակայն տղան հեռախոսազանգերին չի պատասխանել։ Մայրն աշխատում է Գյումրու թիվ 7-րդ դպրոցում՝ որպես ջոկատավար։ Տղան ևս սովորել է այդ դպրոցում։ «Անհայր, դժվարությամբ մեծացած երեխաներ են, աղջիկը ուսանողուհի է, Երևանում ուսանող ունեցող, միայնակ կինը ինչ ունեցվածք պիտի ունենար, որ ավերակ սարքեցին տունը;
Աղջիկը գերազանցությամբ սովորում է համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, իսկ տղան խելոք, ձգտվող, աշխատող երեխա է; Տարբեր տեղերում էր աշխատում։ Ցնցված ենք, վանդալիզմ է, տեսնեիք տան ներսում ինչ խայտառակ վիճակ էր», -ասացին դպրոցից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ