Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անձնականն ու հասարակականը

Մայիս 18,2017 10:13

Արդյոք ճի՞շտ էին վարվել Դանիել Իոաննիսյանը եւ նրա կազմակերպության անդամները՝ դրդելով ՀՀԿ-ական ուսուցիչներին բացահայտել իրենց «նախընտրական ակտիվությունը»: Այդ հարցին չկա միանշանակ պատասխան: Էթիկայի տեսակետից վիճելի է զանգել եւ ներկայանալով ոչ քո անունից՝ տեղեկատվություն կորզել: Ես, համենայնդեպս, «Առավոտի» լրագրողներին խորհուրդ չեմ տալիս նման բաներ անել՝ կարծում եմ, որ այստեղ խաբեության, խարդախության ինչ-որ տարր կա: Բայց մյուս կողմից՝ այդ վիճելի արարքի հասարակական հնչեղությունը եւ նշանակությունը ինչ-որ չափով հավասարակշռում են դրա տգեղ կողմերը: Ինձ տնօրենների ձայնագրությունները տեղեկատվություն են տալիս ոչ այնքան ընտրական պրոցեսների, որքան դպրոցների բարքերի, տնօրենների մտավոր մակարդակի եւ բարոյական արժեքների մասին:
Բայց եթե բուն այդ «օպերացիան» քննարկման առարկա է (քանի որ հասարակական գործունեություն է), ապա Դանիելի անձնական կյանքը, նրա հարաբերությունները հարազատների հետ, ինձ թվում է, քննարկման առարկա չպիտի լինեն: Դա այնպիսի մի ոլորտ է, որտեղ մտնել չի կարելի: Եվ անձնական կյանքի դրվագները Դանիելին ավելի ճիշտ կամ ավելի սխալ չեն դարձնում:

«Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» շարքի օպերատոր Դավիթ Աթոյանը մշտապես առաջնագծում էր, իր կյանքը վտանգի ենթարկելով՝ նկարահանումներ էր անում: Նկարահանումներից մեկի ժամանակ նա վիրավորվել է: Իհարկե, բուն հաղորդաշարը կարող է ոմանց դուր գալ, իսկ ոմանց դուր չգալ: Նորմալ եմ համարում նաեւ, որ գործընկերները քննարկում են, թե ինչպես է պետք գնալ նկարահանումների, ինչ հագուստով, ինչ մեքենայով եւ այլն: Աննորմալն, իմ կարծիքով, հիվանդանոցում գտնվող երիտասարդին վարկաբեկելն է՝ նրա երբեմնի ընտանեկան խնդիրները վեր հանելով: Դարձյալ կարծում եմ, որ դա ոչ մեկի գործը չէ, դա չպիտի որեւէ մեկին հետաքրքրի: Այդ խնդիրների պատճառով Դավիթն ավելի լավ կամ ավելի վատ օպերատոր չի դառնում:
Ինձ համար անձնականի եւ հասարակականի սահմանները միանգամայն պարզ են: Պաշտոնյայի՝ 4 հարկանի դղյակ ունենալը նրա անձնական գործը չէ, որովհետեւ Հայաստանում ոչ մի պաշտոնյա իր աշխատավարձով չի կարող դղյակ կառուցել:

Պաշտոնյայի կամ որեւէ այլ հանրային դեմքի ընտանեկան կյանքը, հարաբերությունները հարազատների հետ ճիշտ հակառակը՝ նրա անձնական գործն են, դրանք որեւէ ձեւով կապված չեն տվյալ անձի հասարակական դրսեւորումների հետ:

Պիտի կրկնեմ նախորդ հոդվածում իմ ասածը՝ մարդն ազատ է ապրել այնպես, ինչպես իրեն է դուր գալիս, ոչ թե այնպես, ինչպես որեւէ մեկն իրեն ստիպում է կամ իրենից պահանջում է: Պարտադրող միակ գործոնը պետության օրենքներն են:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. araqel says:

    Պարտադրող գործոն է նախ և առաջ Աստծու առաջ պատասխանատվության զգացումը և պատասխանատվությունը բարոյականության առաջ:

    Իսկ աթեիստի համար սա իհարկե գոյություն չունի: Դրա համար էլ խաբեբայությոնւը նա կարող է “հավասարակշռե”լ:

  2. Լավատես says:

    Պետության օրենքները Մարդուն սովորեցնում է Դաստիարակը, առանց դաստիարակության ազատությունը բերում է հանցագործության ու դժբախտության: Դրա համար ճիշտ կլինի ասել՝
    դաստիարակված մարդն ազատ է ապրել այնպես, ինչպես իրեն է դուր գալիս:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031