Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանի հրաժարումն ու ընտրակաշառքի մեխանիկան

Մայիս 18,2017 17:00

Տարոն Մարգարյանը կշահի, իսկ Երեւանն ու երեւանցի՞ն

Երեւանի ավագանու երրորդ ընտրությունն էլ անցավ: Անցավ այնպես, ինչպես անցել էին 2009-ի եւ 2013-ի ընտրությունները՝ ընտրակաշառք, բռնություններ, ընտրողների ուղղորդում եւ այլն: Բայց եղան նաեւ «նորամուծություններ»: 2009-ից Երեւանի քաղաքապետի տեղակալ, իսկ 2011-ից քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոսում էր «վերջին չորս տարվա» մասին՝ 2013-ից այս կողմ հատվածի մասին: 2011-ին նա քաղաքապետ է դարձել Կարեն Կարապետյանի հրաժարականի արդյունքում: Սա «նորամուծություն» է: Որովհետեւ եթե նախկինում մարդիկ հանուն պաշտոնի հրաժարվում էին իրենց այդ պաշտոնին հասցրած կուսակցությունից, Տարոն Մարգարյանը հրաժարվում է իրեն պաշտոնյա դարձրած կուսակցության վաստակից: Քաղաքապետի տեղակալն էլ պակաս պաշտոն չի, իսկ Տարոն Մարգարյանը ջնջում է իր կենսագրության այդ հատվածը: Հայտնի է, որ հենց պաշտոնյա դառնալուց հետո Տարոն Մարգարյանի բնակարաններն ու առանձնատները դարձան երկու անգամ շատ, քան ընտանիքի անդամները, ու Տարոն Մարգարյանը ինչի տեր ասես, որ չդարձավ:

«Վերջին չորս տարվա» մասին խոսելիս Տարոն Մարգարյանը հպարտ նշում էր, թե ինքն ու թիմը փորձ են ձեռք բերել: Եթե անգամ ընդունենք, որ 2013-ին նա եւ իր թիմն ընտրվել են եւ ընտրախախտումների վերաբերյալ բոլոր տեսանյութերը կամ մոնտաժված կինոներ են, կամ մուլտիկներ՝ իրենց մուլտհերոսներով, մեկ է՝ Տարոն Մարգարյանի քառամյա փորձաշրջանի մասին խոստովանությունը «նորամուծություն» է: «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, Երեւանի քաղաքապետը երեւանցիների հաշվին աշխատավարձ է ստանում, ծառայողական մեքենայով երթեւեկում ոչ թե փորձ կուտակելու, այլ քաղաքին ծառայելու համար: Փորձ ձեռք բերելու համար պետք է մի նորմալ համակարգիչ, նորմալ արագությամբ ինտերնետ կապ եւ առավելագույնը երկու շաբաթ ժամանակ: Ու արագ կպարզես, թե տարածքով, բնակչության թվով, եղանակային պայմաններով եւ այլ հարթություններում Երեւանին նման քաղաքներում ինչպես են կազմակերպվում աղբահանություն-սանմաքրումը, ուղեւորափոխադրումները, հանրային կյանքի այլ բաղադրիչներ, կանաչ տարածքները որքան են եւ այլն: Փաստորեն, Տարոն Մարգարյանը հայտարարում է, որ երկու շաբաթվա գործն արել է (եթե, իհարկե, արել է) չորս տարում՝ 208 շաբաթում:

Ընտրակաշառքը Հայաստանում նորություն չէ արդեն 20 տարի: Երեւանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունում «նորամուծությունը» ընտրակաշառքի բաժանման օրն էր: Կաշառքը բաժանվում էր հենց քվեարկության օրը: Նախկինում քվեարկության օրը ընտրակաշառք բաժանելու դեպքեր եղել էին, բայց ոչ այս ծավալով: Քվեարկության օրն ընտրակաշառք բաժանելը խոսում է երեւանցի ընտրողների ծայրահեղ ծանր սոցիալական վիճակի մասին: Որ Հայաստանի տնտեսությունը, հետեւաբար մարդկանց սոցիալական վիճակը չափազանց ծանր է, վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց 2016-ին, Համաշխարհային բանկն ասաց 2017-ին: Ընտրակաշառք բաժանողները սա լսել են եւ հասկացել, որ եթե մայիսի 14-ին քվեարկողին (ընտրակաշառքի սպասող, աղքատ ընտրողին) կաշառք տան մայիսի 10-ին կամ անգամ 13-ին, նա իսկույն կծախսի փողն ու կմոռանա դրա մասին: Դրա համար էլ փողը տալիս էին հենց մայիսի 14-ին՝ քվեարկությունից ժամեր առաջ:

Այս երեք «նորամուծության» կիրառման արդյունքում Տարոն Մարգարյանը երրորդ անգամ կհռչակվի Երեւանի քաղաքապետ: Ինքը, իհարկե, կշահի՝ նոր բիզնեսների, բնակարանների, առանձնատների եւ նման այլ դրսեւորումներով: Չեն շահի Երեւանն ու երեւանցին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

17.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031