Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանին մրցակից է հայտնվել

Մայիս 18,2017 16:30

Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ ապրիլի 2-ին ընտրված ԱԺ-ն հետաքրքիր եւ ինտելեկտուալ է. ուր կարող է լինել սուր եւ գաղափարական պայքար: Լրատվամիջոցներն ու փորձագետները վստահ են, որ վերջին 20 տարում Հայաստանի խորհրդարանի հավաքական ինտելեկտը անգամներով նվազել է, ու նույնչափ աճել մականունավոր եւ գրագիտությամբ չփայլող պատգամավորների քանակը:

Այս հարթությունում առաջինն ու չգերազանցված ռեկորդակիրն, անկասկած, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանն է՝ իր «կառուցողական զենքեր», «ցմահ մահապատիժ», «գողությունը գողանալը չէ», «երեխաները պարտավոր են մեծանալ», «մարդկային փոխհարաբերություններում բոլորը պիտի հարաբերվեն» եւ այլ «գլուխգործոցներով»:
Ապրիլի 2-ին ընտրված ԱԺ-ում «Ծառուկյան» դաշինքը ունենալու է 31 պատգամավոր, որոնցից մեկը Լուիզա Սարգսյանն է՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ: Պատգամավորի մանդատը ստանալիս Լուիզա Սարգսյանը հարցազրույց է տվել հեռուստաընկերություններից մեկին, եւ ակնհայտ է, որ 40-ամյա Լուիզա Սարգսյանը 69-ամյա Գալուստ Սահակյանին լուրջ մրցակից է: Նշված հարցազրույցում Լուիզա Սարգսյանն ասում է. «Մենք հետամուտ ենք լինելու նրան, որ մեր գաղափարները, մեր քաղաքականությունը, որը մենք որոշել ենք վարենք, կարողանանք հասցնենք իր գագաթնակետին, եւ վստահ եմ, որ պետք է ունենանք հաջողություններ»:

Սա մտքում ռուսերեն, բարձրաձայն հայերեն խոսողի խոսք է: Սա հայերեն չի, ինչպես հայերեն չեն Գալուստ Սահակյանի խոսքերը: Իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.6 հոդվածի համաձայն՝ պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:
Մականունավոր եւ գրագիտությամբ չփայլող ոչ մի պաշտոնյա մինչ օրս չի տուգանվել հայերենին չտիրապետելու համար: Չի տուգանվի եւ Լուիզա Սարգսյանը: Փոխարենը, բացի Գալուստ Սահակյանից, առնվազն եւս մեկ պատգամավոր կդառնա լրատվամիջոցների «պարապ վախտի խաղալիքը»:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

17.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031