Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք մեկ անգամ էլ կորցնենք մեր պետականությունը…»

Մայիս 18,2017 12:00

«Հայաստանի պետական շահի չոր գիտակցությամբ ենք առաջնորդվում»,-
շեշտում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

Մայիսի 4-7-ը Ստամբուլում գտնվող հայաստանցիների 18 հոգանոց խմբին այցելեց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Հիշեցնենք, որ խումբը Թուրքիա էր այցելել «Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպության եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացվող` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» ծրագրի շրջանակներում, խմբի կազմում էին ՀՀ ԱԺ քաղաքական ուժերի, հ/կ-ների երիտասարդ առաջնորդները:
Արա Գոչունյանը հայաստանյան խմբի երիտասարդների խնդրանքով նախ ներկայացրեց «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման պատմությունը:

Օրաթերթը հիմնադրվել է 1908թ., այս պահին աշխարհի անընդհատ հրատարակվող ամենահին օրաթերթն է, որի հիմնադիրները Միսաք եւ Սարգիս Գոչունյան եղբայրներն են եղել, Արա Գոչունյանը Սարգիս Գոչունյանի ծոռն է, նա նաեւ Թուրքիայում առաջին գովազդային գործակալության հիմնադիր է եղել: «Ժամանակը» շաբաթը 6 օր է լույս տեսնում` 1000 տպաքանակով:

«Սկզբնական շրջանում` 1908թ. Ստամբուլում հայկական օրաթերթ հրատարակելը այսօրվա հետ անհամեմատելի նշանակություն ուներ, որովհետեւ ամբողջ կայսրության տարածքում ստվար ներկայություն ունեին հայերը, եւ ընդհանրապես օսմանյան հասարակական կարծիքի ձեւավորման տեսակետից անմիջական աշխատանք էր հայերենով թերթը հրատարակելը: Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված մեր մտավորականության ամենակարեւոր դեմքերը նաեւ «Ժամանակ» թերթի աշխատակիցներ են եղել: Թերթի աշխարհագրական ծածկույթը շատ մեծ էր` Բալկաններից մինչեւ Կովկաս, մինչեւ Եգիպտոս թերթն ամենօրյա կտրվածքով հասնում էր: Օրը մեկ նավ ու գնացք եթե կար` առանց «Ժամանակի» ճանապարհ դուրս չէին գալիս: 1923 թվականից` Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո, հայերը նույնպես, ինչպես մյուս փոքրամասնությունները, ստացան ոչ իսլամ փոքրամասնությունների կարգավիճակ, եւ թերթն էլ աստիճանաբար վերածվեց փոքրամասնական օրաթերթի»,- նշեց Արա Գոչունյանը:

Նրա խոսքով` «Հայոց ցեղասպանության հաջորդած ժամանակաշրջանում վերապրածները Սփյուռքի մեջ ցրվեցին, դա Սփյուռքի մամուլի ավանդույթների ձեւավորման ժամանակաշրջանն էր: Մինչեւ 70-ական թվականները «Ժամանակը» թուրքական մամուլի հետ որոշ չափերով համեմատելի թերթ է եղել` չնայած տեղական թերթերի հետ ծավալային տարբերությանը: Բայց 70-ականների կեսերից սկսած, երբ Թուրքիայում ԶԼՄ-ներն աստիճանաբար հոլդինգների հովանու ներքո են սկսել գործել, աշխարհում մամուլը սկսել է ավելի արագ զարգանալ` «Ժամանակը» վերածվել է «դիմադրող թերթի»:

Արա Գոչունյանի փոխանցմամբ` Արցախյան շարժումից, Հայաստանի անկախության հռչակումից հետո հայության կյանքում մի նոր իրավիճակ ստեղծվեց. «Հայաստանի անկախության հռչակումն ամբողջ հայության կյանքն ինչ-որ ձեւով հեղաշրջեց, ալիքը Սփյուռք էլ հասավ, ինչպես նաեւ մեզ: Հայաստանի անկախացումը նաեւ մեր թերթի գործունեության մեջ պատմականորեն նոր էջ հանդիսացավ: Նախ` Թուրքիա-Հայաստանի միջպետական հարաբերությունների մեկնարկը, երկրորդ` այդ հարաբերություններով պայմանավորված՝ Հայկական հարցը, Ցեղասպանության թեման բոլորովին այլ հունի մեջ ընթացք ստացան, եւ այդ բոլոր գործոնները Հայաստան-Թուրքիա հարաբերություններն այլ հարթության վրա դրեցին: Այդ իրավիճակում այս երկրում հայերենով հայկական փոքրամասնական թերթ հրատարակելու նշանակությունը, իմաստը մեզ մի քիչ կարգավիճակի բարձրացում բերեց: Զուգահեռաբար այս նույն շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաներն այնքան արագորեն զարգացան, որ այսօր համացանցի միջոցով աշխարհի որ անկյունում էլ հայկական որեւէ լրատվամիջոցի հրատարակած տեղեկատվությունն անմիջապես ինքնաբերաբար համահայկական նշանակություն ունի, հետեւաբար մենք մի քիչ հնարավորություն ենք ունեցել հաղթահարելու սահմանափակ լսարանի խնդիրը»:

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը որեւէ հովանավոր չունի, սնվում է զուտ Թուրքիայի հայ համայնքի անհատների եւ կառույցների տրամադրած գովազդներից ձեւավորված բյուջեներով. «Կախվածություն ունենք միայն այս համայնքից: Մենք մեր առաջնահերթությունները որոշում ենք մեր համայնքի իրավիճակը հաշվի առնելով, առաջնորդվելով սկզբունքով, որ նախեւառաջ համայնքին պատկանող թերթ ենք: Սա ավանդական համայնքներից մեկն է, միշտ հայրենասեր, հայրենամետ համայնք է: Մեր համայնքին ամենամակերեսային հայացքով դիտելիս էլ կարող եք եզրակացնել, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների բնականոնացումը մեզ օդի ու ջրի նման անհրաժեշտ է, հետեւաբար որեւէ պատճառ չունենք Հայրենիքի կողքին չլինելու»,- նկատեց Արա Գոչունյանը:

««Ժամանակի» ընթերցողները Թուրքիայի քաղաքացիներ են, երկրորդը՝ նրանք, ովքեր ունեն հայկական արմատներ, եւ երրորդը` այլադավան մեր քույրերն ու եղբայրներն են, հիմնականում Հայ առաքելական եկեղեցու զավակներ են: Հիմնականում լուսաբանում ենք այս երեք առանցքների շուրջ` Թուրքիայի քաղաքական կյանքը, հայ աշխարհը եւ առաջին հերթին` Թուրքիայի հայության կյանքը: Թուրքիան հիմնականում լուսաբանում ենք իր արտաքին քաղաքական առանցքներով` մտածելով, որ մեր լսարանից դուրս աշխարհի հայության համար էլ Թուրքիան լուսաբանելու համար պետք է այս երկիրն ավելի ընկալելի դարձնենք, ոչ թե երկիրը գովազդելու կամ հայկական աշխարհի տեսակետով` եղած թերություններն արդարացնելու իմաստով, այլ այն իմաստով, որ մարդիկ պարզ կարողանան հասկանալ, թե Թուրքիան ինչի է ձգտում եւ ինչ շահեր է հետապնդում»,- բացատրեց «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:

Պարոն Գոչունյանը նաեւ կարեւորեց. «Թուրքիա-Հայաստան միջպետական հարաբերությունների վերաբերյալ ընկալումները, ընդհանրապես Հայաստանի պետականության վերաբերյալ մեր մոտեցումները` ուղղակի այս պրագմատիկ պետական շահի չոր գիտակցությամբ ենք առաջնորդվում: Այսինքն՝ մենք ուզում ենք ասել, որ այսօր աշխարհի վրա տեսանելի ապագայում եթե ուզում ենք հայկական մշակույթը, հայկական ժառանգությունը ապրի, մեր միակ երաշխիքն է այս աշխարհի վրա Հայաստանի Հանրապետության գոյությունը: Եթե մենք մեկ անգամ էլ կորցնենք մեր պետականությունը… Արդեն հեքիաթի է վերածվում` «գիտեք, մենք հինգ հազար տարվա ժողովուրդ ենք, առանց պետականության գոյատեւել ենք, մեր եկեղեցին մեզ պահել է» եւ այլն: Մենք այդ ամենը հարգում ենք: Հետեւաբար մենք առաջնորդվում ենք, փորձում ենք տեսնել, թե զուտ Հայաստանի շահերի տեսանկյունից ինչն է ավելի նպաստավոր, եւ տարածաշրջանի իրադարձությունները այդ տեսանկյունից ենք մեկնաբանում»:
Պարոն Գոչունյանը նշեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հետեւյալ կերպ են դիտարկում. «Համագործակցությունը եւ գործընկերությունն ընդհանրապես արդյունավետ եւ տեւական հնարավոր է դարձնել, երբ ուժերի միջեւ գոյություն ունի հավասարություն:

Հետեւաբար մենք համարում ենք, որ Հայաստանը որքան կարողանա հզորանալ, իր պետականությունն ամրապնդել եւ այլ ոլորտներում զարգացում, վերելք ունենա` այնքան նաեւ երաշխավորված կլինի Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի մթնոլորտ: 90-ականների սկզբին, երբ Հայաստանն անկախացավ, Հարավային Կովկասում մենք ամենայն հպարտությամբ կարողանում էինք այնպես հաշվի առնել, որ տարածաշրջանի հենց առաջին երկիրը Հայաստանն է: Աշխարհն այսօր շատ արագ է փոխվում, արժեքներն են արագ փոխվում, այսօր Հայաստանի հզորությունը պայմանավորված է ժողովրդավարության ամրությամբ: Մենք Սփյուռքի գաղութի ինչ-որ անկյունի, ինչ-որ կուսակցության պաշտոնաթերթը չենք, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը դիտարկենք մեր կուսակցության տեսանկյունից: Քանի որ անկախ թերթ ենք` բոլորի նկատմամբ համահավասար վերաբերմունք ունենք: Ժողովրդավարության հետ մենք անմիջականորեն դիտարկում ենք Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացումը, որը մեծ նշանակություն ունի նաեւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների տեսակետից: Այս պահի դրությամբ Ցյուրիխի արձանագրությունների ձախողումից հետո փաստորեն միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը փոխարինվում է գործնականորեն երկու երկրների հասարակական կառույցների շփումներով: Ուզենք թե չուզենք՝ վիճակն այս է, ես համոզված եմ, որ մեկը մյուսով հնարավոր չէ փոխարինել»:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 17.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031