Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացածի հարազատները վրդովվել են ԱՆ պատասխանից. «Սրտի խնդիր ուներ, իսկ բժիշկներն ասում էին՝ ստամոքսը մրսացրել է»

Մայիս 18,2017 16:00

Վերջերս «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում» 40-ամյա Սուրեն Սարգսյանի մահը մեղրեցիների համբերության վերջին կաթիլն էր. նրանք այլեւս չեն ցանկանում հանդուրժել բուժկենտրոնի անձնակազմի թերացումներն ու նեղ մասնագետների պակասը: Սուրեն Սարգսյանի մահվան դեպքին երեկ առողջապահության ոլորտի պատասխանատուներն են անդրադարձել, սակայն այդ պատասխաններից Սուրենի հարազատները էլ ավելի են վրդովվել:

Հիշեցնենք, որ Սուրեն Սարգսյանի մահից հետո 240 մեղրեցիներ բաց նամակ էին ուղղել վարչապետին («Առավոտ», 15.05.2017). նրանք նշել էին, որ Համաշխարհային բանկի 1.62 միլիարդ դրամ վարկով կառուցված եւ մոտ 1 տարի առաջ բացված հիվանդանոցը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, լավ կահավորված է, սակայն հիվանդանոցը շարունակում է մնալ «սպանդանոց»:

Մեղրեցիների վստահեցմամբ՝ առողջական ամենաթեթեւ հարցերի դեպքում էլ ստիպված են լինում հասնել Երեւան կամ Կապան եւ Գորիս: Բուժկենտրոնում նեղ մասնագետների պակասի հետեւանքով, ինչպես նշել էին նամակի հեղինակները, մահացության դեպքերը շատ են, 2 անչափահասների հոր՝ Սուրեն Սարգսյանի մահն էլ, ըստ մեղրեցիների, նաեւ մասնագետների բացակայության պատճառով է եղել:

Երեկ առողջապահական պետական գործակալության պետի պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը ասուլիսին լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ նախ խոստովանել էր, որ ինքն էլ մեղրեցի է, եւ ապա վստահեցրել. «Ցավոք սրտի, նախնական ախտորոշումը անեւրիզմայի պատռում եւ սրտի տամպոնադա է, այս պահին դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում, եթե բժիշկը լինի մեղավոր, պետք է պատժվի` ուզում է լինի Մեղրիում, թե Երեւանի բարձրագույն այլ կլինիկայում: Փորձաքննությունը կտա եզրակացություն»: Վարդանյանը նաեւ հերքել էր, որ Մեղրիի հիվանդանոցում մահացության ցուցանիշը բարձր է: Իսկ նախարար Լեւոն Ալթունյանն էլ հավելել էր. «Կան հիվանդություններ, որոնց բուժումը հնարավոր է միայն վաղ շրջանում, մինչեւ սրացումը: Ցավոք, տամպոնադան այնպիսի դիագնոզ է, որ եթե անեւրիզման տրաքում է, նույնիսկ 2-3 բրիգադա կանգնած լինեն, հիվանդին դժվար կլինի փրկել»:

Ծաղիկ Վարդանյանի ներկայացմամբ՝ «Ախտորոշումը դժվար է հատկապես Մեղրիի հիվանդանոցում, որտեղ սրտաբանական հատուկ բաժանմունք չկա»:

Ոլորտի պատասխանատուների այս հիմնավորումներին «Առավոտի» հետ զրույցում Սուրեն Սարգսյանի հարազատները հակադարձում են: Նրանք մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ պատմեցին դեպքի առնչությամբ: Նախ՝ նրանք Ծաղիկ Վարդանյանի հիմնավորումը արժանահավատ չեն համարում. «Մեղրիի հիվանդանոցի տնօրենը Ծաղիկ Վարդանյանի քույրն է՝ Լուսինե Վարդանյանը, ուստի Ծաղիկ Վարդանյանից օբյեկտիվ գնահատական սպասելը բարդ է, նա իր քրոջ ղեկավարած հիվանդանոցի բժիշկներին չի մեղադրի եւ ոչ էլ կնշի, որ բժիշկների աշխատանքներում թերացումներ են եղել, կամ վատ է կազմակերպվում աշխատանքը»:

Ինչ վերաբերում է տվյալ հիվանդության, ինչպես Վարդանյանն է վստահեցրել, բարդ ախտորոշմանը, ապա Սարգսյանի հարազատներին այս պատասխանը խիստ զայրացրել է. «Սուրենին շաբաթ օրը ցավերով տարանք այդ հիվանդանոց, նա ներկայացրեց գանգատները, ասաց, որ սուր ցավեր ունի թիկունքում ու ստամոքսի հատվածում: Բժիշկները հետազոտել են ու ասել՝ ողնաշարի ճողվածք ունի, ստամոքսն էլ ուժեղ մրսացրել է: Ցավազրկել են, հետո կարդիոգրամա արել: Սրտաբանը տեղում չէր, ընդունող բժիշկը կարդիոգրամայի նկարը վայբրով (բջջային հեռախոսների հավելված է) ուղարկել է սրտաբանին:

Սրտաբանն էլ պատասխանել է՝ խնդիր չկա: Այդ օրը պառկացրել են հիվանդանոցում ու ասել՝ հանգստության համար տարեք Երեւան «յամեր» արեք: Կիրակի օրը դուրս են գրել հիվանդանոցից: Ու հենց այդ օրը տուն չհասած՝ Սուրենը արդեն վատացել է, ուժեղ ցավեր ուներ, ստիպված հետ ենք տարել հիվանդանոց՝ նորից պառկացրել: Մի ժամից ավելի հերթապահ բժշկին էինք սպասում, չկար, հիվանդանոցում չէր: Հիվանդանոցի աշխատողներից մեկը հերթապահ բժշկին է զանգել ու ասել մեր հիվանդի մասին, նկարագրել վիճակը: Նա էլ հանձնարարել է՝ հանգստացնող մի բան ներարկեք, հեսա կգամ: Հենց կաթիլային միացրին, Սուրենը մի ակնթարթում մահացավ: Մահից հետո բժիշկները խառնվեցին իրար, բայց արդեն ուշ էր: Սուրենի եղբայրը այս ամենի ականատեսն է եղել ու ամեն ինչ պատմել իրավապահներին»:

Մահվան դեպքով քրեական գործ է հարուցված, մինչ իրավապահները կպարզեն՝ ով է մեղավոր, եւ կա՞ արդյոք մեղավոր, Սուրենի հարազատները վստահեցնում են. «Մենք անհատական որեւէ մեկին չենք մեղադրում, բայց վստահ ենք, որ բժիշկների թերացումը կա: Բժիշկները երկու օր ժամանակ ունեին՝ հասկանալու ցավերի պատճառը, մինչդեռ նրանք ասում էին՝ ստամոքսն է մրսացրել»:

Ծաղիկ Վարդանյանի այն պնդմանը, թե Մեղրիի հիվանդանոց կադրեր ուղարկելու համար անձամբ է մարզպետին խնդրել, որ ընդառաջի, ապրելու տեղ հատկացնի, եւ վերջին շրջանում 5 բժիշկ գործուղվել է Մեղրի, մեղրեցիներն այսպես արձագանքեցին. «Իսկ հետաքրքրվե՞լ են՝ այդ բժիշկներն ինչքան ժամանակ են այստեղ աշխատել: Մի երիտասարդ լավ սրտաբան էր եկել, մի քանի ամիս աշխատեց, թողեց գնաց: Աշխատավարձը 40 հազար էր, բացի այս, հին կադրերը չեն թողնում նորեկները կարգին աշխատեն: Ինչո՞ւ Ծաղիկ Վարդանյանն այս ամենի մասին չի խոսում: Այս ոլորտում էլ բժշկական մաֆիա է»:

Այն, որ ոլորտի պատասխանատուները պնդում են, թե այդ հիվանդության ախտորոշումը բարդ է, կրկին արժանահավատ չի թվում հարազատներին. Սուրենի ստամոքսի եւ թիկունքի հատվածի ցավերն արդեն վկայում էին սրտի խնդրի մասին, այս մասին անգամ ոչ մասնագետները գիտեն: «Ասում են՝ բարդ է ախտորոշել, սրտաբանական բաժանմունք չկա եւ այլն: Այսինքն՝ սա նշանակում է, որ էլի՞ նման մահեր կլինեն»,- հարց են բարձրացնում հարազատները:

Մեղրեցիները վարչապետին խնդրում են ուսումնասիրել բուժհաստատությունում ստեղծված իրավիճակը եւ միջոցներ ձեռնարկել՝ պարզելու, թե ինչո՞ւ տարածաշրջանային նշանակություն ունեցող հիվանդանոցում այդպես էլ չեն լուծվում այնքան կարեւոր մասնագտեների հետ կապված խնդիրները, եւ 12 հազար բնակչությանը պատշաճ բուժծառայություն չի մատուցվում: Մեղրեցիները նաեւ հիշում են՝ հիվանդանոցի բացմանը ներկա էր ՀՀ նախագահը, նրան հիվանդանոցը ցուցադրվեց իբրեւ ձեռքբերում, նորագույն սարքավորումներով, մինչդեռ այստեղ անգամ սրտի խնդիրները չեն կարողանում ախտորոշել:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

17.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031