Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական ակտում նշված ճանապարհին չի եղել ոչ մի նշան

Մայիս 18,2017 15:30

Որը ցույց կտար, որ ճանապարհը բնակավայրի
ճանապարհ է եւ այդ բնակավայրը Ձորաղբյուրն է

Վահագն Առաքելյանը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Հայաստանի ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1504024377 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Վարչական դատարանը պահանջը մերժել էր եւ քաղաքացին դիմել է վարչական վերաքննիչ դատարան, ուր առաջիկա օրերին կլսվի բողոքը:

Հայցվոր Վահագն Առաքելյանը հայտնել էր, որ անցյալ տարվա հունվարի 12-ին տեղեկացել է, որ Ճանապարհային ոստիկանության որոշմամբ ինքը տուգանվել է 6000 ՀՀ դրամի չափով։ Ըստ նշյալ որոշման, քաղաքացին իր մեքենայով Ձորաղբյուր գյուղում գերազանցել է սահմանված արագությունը 6 կմ/ժ-ով` վարելով ավտոմեքենան 76 կմ/ժ արագությամբ` 60 կմ/ժ-ի փոխարեն:

Լուսանկարահանող սարքով արձանագրված 76 կմ/ժ արագությունից հանվել է արագաչափ սարքի հնարավոր սխալանքի 10 կմ/ժ չափը։

Բողոքաբերի կարծիքով, Ճանապարհային ոստիկանության որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ: Մասնավորապես խախտվել են «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 28 հունիսի 2007 թվականի N 955-Ն որոշման պահանջները, ինչի արդյունքում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63 հոդվածի համաձայն՝ ՃՈ-ի որոշումը ոչ իրավաչափ վարչական ակտ է: Ասվածը հիմնավորվում է հետեւյալով:
Բողոքաբերի կողմից նշյալ օրենքի 9-րդ հոդվածի երրորդ կետի համաձայն` ՀՀ կառավարության բացառիկ իրավասությունն է հանդիսանում ճանապարհային երթեւեկության կանոնների հաստատումը։ Հետեւաբար, ոչ մի այլ սուբյեկտ նման իրավասություն չունի:

ՀՀ կառավարության 28 հունիսի 2007 թվականի N 955-Ն որոշմամբ «Բնակավայրերում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլատրվում է 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ, իսկ այն տարածքներում, որոնց մուտքն ու ելքը նշված են 5.21` «Բնակելի գոտի» եւ 5.22` «Բնակելի գոտու վերջ» նշաններով, ինչպես նաեւ բակային տարածքներում` 20 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:

ՀՀ բնակավայրերում մարդատար տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլատրվում է 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ, իսկ բնակավայրերից դուրս` 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ, իհարկե՝ որոշ բացառություններով։

Քաղաքացին վարել էր «HYUNDAI» մակնիշի մեքենա, որը հանդիսանում է մարդատար ավտոմեքենա, հետեւաբար, մեքենան վարելիս թույլատրելի արագությունը բնակավայրերում 60 կմ/ժ է, իսկ բնակավայրերից դուրս` 90 կմ/ժ։

«Վիճարկվող վարչական ակտում նշված է, որ տրանսպորտային միջոցով արագությունը գերազանցել եմ Ձորաղբյուր գյուղում։ Համաձայն կառավարության որոշման, հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթեւեկության որոշակի ռեժիմներ։ Համաձայն նույն որոշման` «բնակավայրի սկիզբ» նշանը նախանշում է բնակավայրի սկիզբը, որտեղ գործում են կանոնների` բնակավայրերում երթեւեկության կարգը սահմանող պահանջները` այդ թվում առավելագույնը 60 կմ/ժ արագությամբ վարելու պահանջը։ Վարչական ակտում նշված ճանապարհին չի եղել ոչ մի նշան, որը ցույց կտար, որ ճանապարհը բնակավայրի ճանապարհ է եւ այդ բնակավայրը Ձորաղբյուրն է։ Ենթադրյալ խախտման պահին ինքը երթեւեկել է Երեւանից դեպի Ձորաղբյուր, իսկ ճանապարհին առկա է եղել «բնակավայրի ավարտ» նշանը, որը ազդարարել է Երեւանի վերջը, որից հետո նոր, «բնակավայրի սկիզբ» նշանը բացակայել է։ Ինչը նշանակում է, որ ես լիովին իրավասու էի վարել նույնիսկ 90 կմ/ժ արագությամբ, այնինչ, իր մեքենան ընթացել է ընդամենը 76 կմ/ժ արագությամբ, համաձայն լուսանկարահանող սարքի կողմից կատարված լուսանկարի»,- գրել էր վարորդը։

90 կմ/ժ թույլատրելի արագության պայմաններում վարորդը մեքենան վարել է 76 կմ/ժ արագությամբ, ինչը որեւէ կերպ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում չի կարող համարվել։

«Ինձ համար տարօրինակ է, որ վարչական ակտում նշված է, թե տվյալ ճանապարհին սահմանված է եղել 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն։ Նման բան լինել չէր կարող, քանի որ ինչպես նշվել է վերը, օրենքը ճանապարհային երթեւեկության կանոնները սահմանել ու բացառիկ իրավասությունը տալիս է ՀՀ կառավարությանը, իսկ ՀՀ կառավարության որոշումը բնակավայրերից դուրս որպես թույլատրելի առավելագույն արագություն է սահմանում 90 կմ/ժ-ը, իսկ բնակավայրերում` 60 կմ/ժ-ը։ 50 կմ/ժ ոչ ավելի արագությամբ վարելու պարտականություն, որոշմամբ սահմանվում է միայն միմյանց կցված մեխանիկական տրանսպորտային միջոցներով քարշակում կատարելիս, ինչը իր կողմից չի կատարվել»,- իր բողոքում նշել էր Վ. Առաքելյանը: Ի դեպ, նման խնդրի առնչվում են վարորդների մեծ մասը, սա այն դեպքում, երբ ոչ օրենքը, եւ ոչ էլ որոշումը չեն սահմանում բնակավայրերից դուրս 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն այլ դեպքերում։

Նշենք, որ վարչական ակտը վերադասության կարգով չէր բողոքարկվել։

Ճանապարհային ոստիկանությունը հայցադիմումի պատասխան չէր էլ ներկայացրել։
Վարչական գործի նյութերում առկա է ՃՈ ներկայացուցիչ Ֆ. Ավագյանի 05.04.2016թ. գրավոր դիմում-առարկությունը: Կողմը հայտնել էր, որ իրավախախտման լուսանկարում զուգակցված է ավտոմոբիլի պատկերը համապատասխան ճանապարհահատվածում եւ արագաչափի ցուցմունքը, իսկ տեսագրությունից ակնհայտ երեւում է, որ «HYUNDAI» մակնիշի 34 DT 769 համարանիշի ավտոմոբիլը երթեւեկել է 76 կմ/ժ արագությամբ՝ թույլատրելի 60 կմ/ժ-ի փոխարեն:

ՃՈ-ն միաժամանակ հայտնել էր, որ «իրավախախտման վայրում 17.12.2015թ. ժամը 18։56-ի դրությամբ թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ լինելու հանգամանքը հիմնավորվում է ճանապարհի այդ հատվածում «առավելագույն արագության սահմանափակում» նշանի բացակայությամբ»։

Դատարանը գործը քննել էր պատասխանողի բացակայությամբ, նրա խնդրանքով:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

17.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031