Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին Տաթեւիկը»՝ Տաթեւիկ Սազանդարյանի հոբելյանին

Մայիս 18,2017 14:00

Ազգային օպերային թատրոնում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո եւ մշակույթի նախարարության աջակցությամբ մայիսի 20-ին «Առաջին Տաթեւիկ» խորագրով կկայանա երեկո՝ նվիրված մեծանուն օպերային երգչուհի Տաթեւիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին:

«Առավոտը» հանդիպեց արվեստաբան, «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի հիմնադիր հեղինակ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանին, որն աշխատում է մեր օպերային թատրոնի պատմությունը ներկայացնող ծավալուն աշխատության վրա:

Արվեստաբանը մտերիմ է եղել Տաթեւիկ Սազանդարյանի հետ, հետեւաբար նրան խնդրեցինք երգչուհու ստեղծագործական կյանքից ներկայացնել դրվագներ, որ մինչ օրս ծանոթ չեն արվեստասեր հանրությանը, որոնք գուցե տեղ գտնեն աշխատությունում:
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Երեւանի օպերային թատրոնի վարագույրը բացվել է 1933թ. հունվարի 20-ին՝ Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայով (բեմադրող դիրիժոր՝ Գեւորգ Բուդաղյան, ռեժիսոր՝ Արշակ Բուրջալյան, նկարչական ձեւավորումն ու զգեստները՝ Մարտիրոս Սարյանի), հետո էլ ասաց, թե Տաթեւիկ Սազանդարյանի ցանկացած դերերգ տպավորիչ էր, բայց «Ալմաստ» օպերայում գլխավոր հերոսուհու կերպարը մնաց անկրկնելի: Հայտնեց նաեւ, որ մինչեւ երեւանյան «Ալմաստը» այդ օպերան ռուսերենով ու վրացերենով բեմադրվել է Մոսկվայի, Օդեսայի եւ Թբիլիսիի թատրոններում:

Օպերայի հայերեն տարբերակն առաջին անգամ հնչել է Երեւանում, Տիգրան Հախումյանի թարգմանությամբ, որը միաժամանակ Սոֆյա Պարնոկի հետ հանդիսացել է այս օպերայի լիբրետոյի համահեղինակ: «Թեպետ 1933թ. մեկը մյուսի հետեւից հայտնվեցին 5 Ալմաստներ, մեկը մյուսից վառ կերպարայնությամբ, բայց Սազանդարյանը միանշանակ եղավ ու մնաց այդ կերպարի մեկնաբանության միակ չափանիշը»,- հայտնեց պարոն Առաքելյանը:

Արվեստաբանը բացառության կարգով մեզ ներկայացրեց օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարիա Մաքսակովային, որն, ի դեպ, 1928թ. Մեծ թատրոնում առաջին մեկնաբանն է եղել Ալմաստի:

Տաթեւիկ Սազանդարյանը՝ Ալմաստի կերպարում (1939թ., Մեծ թատրոն):

Իր հուշերում Մաքսակովան գրում է. «1939թ. Մեծ թատրոնում հայ արվեստի տասնօրյակի շրջանակներում դիտեցի «Ալմաստը»: Ինչպիսի հուզմունքով էի ես գնում այդ ներկայացմանը: Թեեւ վաղուց հանդես էի եկել Ալմաստի դերերգով, բայց ուզում էի առաջին հերթին ստուգել ինքս ինձ, չէ՞ որ երբեք չէի եղել Հայաստանում: Չէի կասկածում, որ հուզվում էր նաեւ այդ դերերգի կատարողը, քանի որ նա էլ առաջին անգամ էր Մոսկվայում Ալմաստ ներկայացնում: Դա Տաթեւիկ Սազանդարյանն էր՝ այն ժամանակ սկսնակ երգչուհի»: Մաքսակովան համեմատում է իր եւ Սազանդարյանի Ալմաստները, նշելով՝ «Եթե իմ Ալմաստի մեջ շատ սուր, տիրական հատկանիշներ կային, ապա Սազանդարյանի Ալմաստի մեջ ամեն ինչ մեղմ էր, բնական… Դա հասկանալի է, նա հարկադրված չէր, ինչպես ես, մտնել մի նոր, ազգային, ինձ համար անծանոթ արվեստի աշխարհ…»:

Սերգեյ Առաքելյանն առանձնացրեց երգչուհու մեկնաբանմամբ Փառանձեմի (Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ»), Թամարի (Արմեն Տիգրանյանի «Դավիթ-Բեկ») դերերգերը: Նշեց, որ դրանք հայկական օպերայի կատարողական արվեստի գոհարներից են: Ասաց նաեւ, որ հատուկ Սազանդարյանի համար են գրվել Թամարի, Շուշանի՝ Ա. Բաբաեւի «Արծվաբերդ», Նազելիի՝ Հ. Ստեփանյանի «Հերոսուհին», Բերբերոյի՝ Տեր-Ղեւոնդյանի «Արեւի ցոլքերում» դերերգերը։ Իսկ համաշխարհային օպերային գրականության նմուշներից էլ մեր զրուցակցի խոսքերով՝ սազանդարյանական լավագույն կատարումներ են եղել Կարմենը (Բիզե՝ «Կարմեն»), Ամներիսը (Վերդի՝ «Աիդա»), Իոկաստեն (Ստրավինսկի՝ «Էդիպ արքա»), Լյուբաշան (Ռիմսկի-Կորսակով՝ «Թագավորի հարսնացուն»), Օլգան (Չայկովսկի՝ «Եվգենի Օնեգին») եւ այլ դերերգեր։ Տաթեւիկ Սազանդարյանը հանդես է եկել նաեւ որպես կամերային երգչուհի, մեկնաբանելով հայ եւ այլազգի կոմպոզիտորների շուրջ 450 ստեղծագործություն։ Հանդիսացել է Ա. Սաթյանի, Ա. Հարությունյանի, Էդ. Միրզոյանի, Ղ. Սարյանի, Էդ. Ջրբաշյանի եւ մի շարք այլ հեղինակների ստեղծագործությունների առաջին կատարողը։

Զրույցի ընթացքում Սերգեյ Առաքելյանը խոսեց նաեւ Տաթեւիկ Սազանդարյանի Սայաթ-Նովայի եւ Շերամի երգերի վարպետ կատարումների մասին, ինչպես նաեւ հայտնեց, որ 1961 թվականից երգչուհին դասավանդել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում մինչեւ 1999թ.:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

17.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031