Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրատեսիլը» երգի ստուգարք է, ոչ թե լուրջ մրցույթ»

Մայիս 17,2017 17:30

Կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի դիտարկումները

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում հաղթեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը: Երկրորդ տեղում էր Բուլղարիան, երրորդում՝ Մոլդովան: Հայաստանը ներկայացնող Արծվիկը զբաղեցրեց ընդամենը 18-րդ հորիզոնականը:

Եվրատեսիլյան կրքերը դրանից հետո էլ ավելի թեժացան, որովհետեւ Հայաստանը երբեք նման ցուցանիշ չէր ունեցել: Քննարկումները շարունակվում են մամուլում եւ սոցցանցերում. ոմանք գտնում են, որ Հայաստանը պետք է ի վերջո հրաժարվի «Եվրատեսիլի» վրա հարկատուների գումարները մսխելուց, ինչպես դա արել են մի շարք երկրներ: Ոմանք էլ համոզված են, որ «Եվրատեսիլը» եւս երկիր ներկայացնելու ուրույն հարթակ է:

Իմիջիայլոց, երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը «Եվրատեսիլը» որակել էր էշություն եւ փող լվանալու տեղ:

«Առավոտի» հետ զրույցում Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը կարծիք հայտնեց, որ վաղուց եվրատեսիլյան մրցույթները կորցրել են իրենց նշանակությունը: Նրա խոսքով. «Առաջ ներկայացնում էին երգեր, որոնք ունեին շատ գեղեցիկ ու ցայտուն մեղեդայնություն, եւ, բնականաբար, համահունչ գեղեցիկ տեքստ: Վերջերս նման ներդաշնակություն չկա երգի ու խոսքի միջեւ»:

Կոմպոզիտորը հավելեց, որ «Եվրատեսիլին» Հայաստանի ներկայացուցչի մեկնելու նախապատրաստական աշխատանքների վրա ծախսվող հսկայական գումարները կարելի է ավելի արդյունավետ օգտագործել եւ այլ նախագծերի վրա ուղղել:
«Դա այդքան մեծ մրցույթ չէ, ինչքան որ տեղ են տալիս: Դա ընդամենը երգի ստուգարք է, որը տարբեր երկրներում տարբեր մասշտաբներով է կայանում: Այնպես որ, այդ մեկ երգի վրա ծախսվող գումարը կարելի է այլ նախագծերի իրականացմանն ուղղել»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Հաղթող երգին էլ անդրադարձ եղավ: «Երգը, որը ներկայացրեց պորտուգալացի երիտասարդը, շատ գեղեցիկ էր ու միանգամից գերեց իր մեղեդայնությամբ, այն նաեւ ճիշտ կառուցվածք ուներ: Գեղեցիկ գործիքավորում կար, որը հիմնականում արված էր ակուստիկ գործիքների միջոցով, ստեղծագործությունն էլ պատկանում էր մյուզիքլային ժանրին: Չգիտես ինչու, միշտ ասում են, թե պետք է ռիթմիկ լինի ստեղծագործությունը, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած, բայց նման բան մենք չլսեցինք պորտուգալացու երգի պարագայում: Երգն ընթանում էր ակուստիկ գործիքների նվագակցությամբ, եւ այնպես չէր, որ երգիչն իր համար էր երգում, իսկ նվագախումբը զուտ նվագակցում էր: Ամեն ինչը համահունչ էր` նվագախումբը, երգիչը, երգը…Դրա համար էլ այն գերեց մարդկանց սրտերը:

Ընդհանրապես ես կողմնակից եմ մեղեդայնությանը, որը, չգիտես ինչու, վերջին տարիներին կորել է…Երգի շուկան արաբական ելեւէջներով էր հագեցած, ու հիմա էլ ավելանում են ասիական ելեւէջները, որոնք բնորոշ էին Հայաստանի մասնակցի երգի բնույթին: Ճիշտ է, այն հագեցած էր ժամանակակից տեխնոլոգիաներով, սակայն գործիքավորումը չպետք է լիներ ինքնանպատակ, իրականում պետք է լիներ երգի ազդեցությունը մարդու հոգու վրա: Իսկ եթե ինքնանպատակ ձեւով շեշտը դրվում է ժամանակակից տեխնիկայի վրա, երգի որակը կորչում է: Ես կցանկանայի, որ հաջորդ տարիներին Հայաստանից «Եվրատեսիլ» մեկնողները աշխատեին երգել մեղեդային երգեր»,- հայտնեց Նարինե Զարիֆյանը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

17.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031