Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գործիչներ շարքից. «Ես սիրում եմ հաղթել» (Տեսանյութ)

Մայիս 18,2017 13:00

Ասում է պարուսույց Վարդուհի Ալեքսանյանը

Ամեն մարդ ինքն է ընտրում իր մասնագիտությունը, շատերը՝ դեռ մանկուց, և եթե այդ ընտրությունը հիմնված է նախասիրությունների վրա, ապա հնարավոր է հասնել ապշեցուցիչ հաջողությունների: Օրինակները բազմաթիվ են՝ թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում: Այդպես եղավ նաև շնորհալի մարզիկ, պարուհի և պարուսույց Վարդուհի Ալեքսանյանի պարագայում:

Վ. Ալեքսանյանը դեռևս մանկական հասակից սիրում էր պարը և բեմը: Ինը-տասը տարեկանից հագնում էր մոր բարձրակրունկ կոշիկները, շպարվում կարմիր շրթներկով և ինչպես «հասուն մի տիկին»՝ փոքրիկ ներկայացումներով հանդես գալիս տնեցիների առջև, ովքեր սրտագին ծափահարություններով ոգևորում և քաջալերում էին սիրունիկ աղջնակին: Դեռ մանուկ հասակից նա հասկացավ՝ թե ի՜նչ մեծ դեր ունի ստեղծարարությունն իր կյանքում: Վ. Ալեքսանյանն արվեստի մարդ է. նրան հոգեհարազատ է կատարողական արվեստների բնագավառը:

– Ես սիրում եմ հաղթել, – ասում է նա ժպտալով, – միգուցե դա նրանից է, որ ծնվել եմ առյուծի համաստեղության տակ:

Եվ, իրոք, նա մինչև հիմա հաղթող է դուրս եկել, գոնե՝ իր մասնագիտության մեջ: Նրա հաղթանակներն ու հաջողությունները շատ են. եղել է «Մատադոր» և «Արմենյակ» պարային ակումբների բարձրակարգ մարզիչ, «Եվրատեսիլ պարի մրցույթի» փորձագետ և մեկնաբան, «Պարահանդես» և «Պարի՛ր, թե կարող ես» հեռուստանախագծերի մրցավար, «Առավոտը Շանթում» և «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծերի հաղորդավարուհի, «Ամերիկյան սյուիտ» ջազային և «Գարնան սպասումով» աֆրո-ջազային ներկայացումների մենապարուհի, «Կաստանիետ» պարային ակումբի առաջնության գլխավոր մրցավար և այլն: Շնորհալի պարուհին ստացել է բազմաթիվ պարային մրցանակներ. 1996թ.-ին՝ «Մատադոր»-ի փակ առաջնության 1-ին և «Հայաստանի պաշտոնական առաջնության» 1-ին տեղերը, 1997թ.-.ին՝ «Մատադոր»-ի բաց առաջնության 2-րդ, «Կովկասի պաշտոնական առաջնության» 2-րդ և «Հայաստանի պաշտոնական առաջնության» 2-րդ տեղերը, 1998թ.-ին՝ «Կովկասի փակ առաջնության» 1-ին, «Կովկասի գավաթի առաջնության» 2-րդ, «Հայաստանի սպորտային պարերի պաշտոնական գավաթի առաջնության» 1-ին և «Կովկասի պաշտոնական առաջնության» 1-ին տեղերը, 1999թ.-ին՝ «Հայաստանի սպորտային պարերի պաշտոնական առաջնության» 1-ին, «Կովկասի գավաթի առաջնության» 1-ին և «Աշխարհի պաշտոնական առաջնության» 5-րդ տեղերը, 2000թ.-ին՝ «Կովկասի բաց առաջնության» 3-րդ և «Հայաստանի սպորտային պարերի պաշտոնական առաջնության» 1-ին տեղերը, 2001թ.-ին՝ «Կովկասի գավաթի առաջնության» 1-ին, «Արևելյան Եվրոպա առաջնության» 3-րդ և «Հայաստանի պաշտոնական առաջնության» 1-ին տեղերը, 2002թ.-ին՝ «Հայաստանի պաշտոնական առաջնության» 1-ին, «Արևելյան Եվրոպա առաջնության» 3-րդ և «Աշխարհի բաց առաջնության» 2-րդ տեղերը, 2004թ.-ին՝ «Հայաստանի սպորտային պարերի պաշտոնական առաջնության» 1-ին տեղը, 2005թ.-ին՝ «Հայաստանի բաց առաջնության» 1-ին տեղը, 2006թ.-ին՝ «Հայաստանի բաց առաջնության» 1-ին տեղը:
Վ. Ալեքսանյանը ստացել է նաև լավ կրթություն: Նա 2007թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի՝ Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության և սպորտային պարերի ամբիոնի Սպորտային պարեր բաժինը: Վ. Ալեքսանյանը հաճախել է բազմաթիվ պարերի կատարելագործման դասընթացների և սեմինարների թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում: 2007-2010թթ. համաշխարհային պարի խորհրդի կողմից ստացել է պրոֆեսիոնալ պարուհու և միջազգային կարգի մրցավարի կոչում։ 2014թ.-ից նա մանկավարժական գիտությունների թեկնածու է, իսկ 2015 թ.-ից՝ դոցենտ։

 

Վ. Ալեքսանյանը 2007-2015թթ. աշխատել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Հ. Շահինյանի անվան մարմնամարզության և սպորտային պարերի ամբիոնում՝ որպես սպորտային պարերի դասախոս։
Վ. Ալեքսանյանն ուներ մի նվիրական երազանք՝ բացել պարարվեստի ստուդիա, որտեղ պատանեկան հասակի աղջիկներին և տղաներին կսովորեցներ լատինաամերիկյան պարեր՝ պասադոբլ, սամբա, ռումբա, չա-չա-չա, ջայվ, ժամանակակից պարեր՝ կոնտեմպորարի, կոնտակտային իմպրովիզացիա, բուտո, ազատ պար, մոդեռն պար, «փողոցային» պարեր՝ հիփ-հոփ, հաուս, քրամփ, բրեյք-դանս, ռեփ և, իհարկե, հայկական ժողովրդական պարեր:

Պարը բարձրացնում է մարդկանց տրամադրությունը: Այն ավելի է, քան երգն ու երաժշտությունը: Պարելու համար պետք է նաև ֆիզիկական մեծ պատրաստվածություն: Պարողը պետք է հասկանա երաժշտությունը և ունենա բավականին լավ երաժշտական լսողություն: Կենդանական աշխարհում միայն մարդն է օժտված երաժշտական լսողությամբ: Կենդանիներից շատերն ունեն մի քանի, նույնիսկ տասնյակ անգամ սուր լսողություն, բայց չունեն երաժշտական լսողություն: Այդ աստվածային պարգևը միմիայն տրված է մարդուն: Պարողը պետք է կարողանա երաժշտությանը համահունչ շարժումներ անել. նա չպետք է ո՛չ առաջ և ո՛չ էլ հետ ընկնի պարն ուղեկցող երաժշտությունից: Պարային շարժումներն իմաստավորված են՝ արտահայտում են հնազանդություն, համեստություն, ամաչկոտություն, հպարտություն, գոռոզություն, համառություն, աշխատասիրություն, քաջություն ու վախկոտություն, վերջապես՝ սեր և ատելություն… Պարի հիմքում ընկած է նաև գաղափարն ու հուզականությունը: Պարողը պետք է կարողանա ընկալել պարի գաղափարը, սյուժեն և, իհարկե՛, օժտված լինի նաև հուզական ներդաշնակությամբ: Ահա թե ինչու պարուսույցը ստիպված է ընտրություն կատարել պարողների մեջ և լավագույններից, ինչպես մարզարվեստում, հաղթողներ կամ «չեմպիոններ» պատրաստել: Երևի դա է պատճառը, որ կարծես՝ մարզարվեստն ու պարարվեստը սերտաճել, միաձուլվել են մեկը մյուսի մեջ: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ երգը և մարզարվեստը դասավանդվում են դպրոցներում, իսկ պարը՝ ոչ: Միգուցե ժամանակն է այդ սխալն ուղղելու..

Թե՛ մենապարերը, թե՛ զուգապարերը և թե՛ խմբակային պարերը մեծ խանդավառությամբ է ընկալում հանդիսատեսը: Տպավորիչ են նաև բեմական հարդարանքները, պարողների հագուստներն ու տարազները: Հատկապես՝ մեծ պահանջարկ կա հայկական սփյուռքում ազգային պարերի նկատմամբ, քանի որ մարդկանց մեծ մասը տառապում է հայրենաբաղձությամբ, իսկ ազգային պարը ամենաշատն է հիշեցնում հայրենիքը…
Քանի որ Հայաստանում շատ կան բարձրակարգ պարային ստուդիաներ, Վ. Ալեքսանյանը ցանկանում էր նույնպիսի հնարավորություն ստեղծել Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ մանուկների համար: Նրա երազանքն իրականություն դարձավ, երբ նրան հաջողվեց 2015թ. հուլիսին աշխատանքային վիզա ստանալ Հայաստանի ամերիկյան դեսպանատանը: Դրա շնորհիվ նա ի վիճակի եղավ պարային ստուդիա բացել Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի կենտրոնում: Արդեն երկրորդ տարին է, որ նա պարել է սովորեցնում ազգությամբ հայ պատանեկանհասակի աղջիկներին ու տղաներին և հույս ունի, որ մի օր նրանցից մի քանիսը հաղթողներ կդառնան միջազգային պարային մրցույթներում, ինչպես ինքը՝ ժամանակին: Նա այժմ հնարավորություն ունի և՛ փող վաստակելու, և՛ սիրած գործով զբաղվելու հայկական սփյուռքում: Վ. Ալեքսանյանը հիմա ավելի քան համոզված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լայն հնարավորությունների, շա՜տ լայն հնարավորությունների երկիր է: Նա մտադիր է հաճախակի ներկայացումներ պատրաստել իր սաների մասնակցությամբ և հանդես գալ հայ հանդիսատեսի առջև, մատուցել գեղեցիկ և նրբաճաշակ պարային արվեստ՝ ի փառս մեր ազգի ու հայրենիքի:

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Գլենդել, Կալիֆոռնիա

 

«Առավոտ»

17.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031