ՀՀԿ-ն մայիսի 17-ին Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստ էր հրավիրել: Նիստերից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջարկել է Արա Բաբլոյանի թեկնածությունը: Ինչպես նշել էր նիստից առաջ, ԱԺ փոխնախագահի թեկնածուներն են Էդուարդ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար է նշանակվել է Վահրամ Բաղդասարյանը, իսկ քարտուղար Գագիկ Մելիքյանը։
Էդուարդ Շարմազանովը նաեւ հայտնեց, որ մայիսի 18-ին ՀՀԿ խմբակցությունը հանդես կգա ԱԺ կանոնակարգում փոփոխություններ անելու վերաբերյալ առաջարկով, եւ ըստ այդմ ԱԺ մշտական 12 հանձնաժողովները կկրճատվեն մինչեւ 9-ը:
«Եվ ըստ Դոնթի բանաձևի մենք կունենանք 6-ը առաջարկելու իրավունք, իսկ այդ 6 հանձնաժողովների նախագահների թեկնածուները հետևյալն են` Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյան, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյան, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյան, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյան, Ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան, Առողջապահություն և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյան»,-ասաց նա
ՀՀԿ մամուլի խոսնակը հավելեց, որ վաղը սահմանված կարգով կառավարությունը հրաժարական կտա: Նրա խոսքով, ՀՀԿ վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, ՀՀԿ խորհրդի որոշումից հետ նոր կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը։
Շարմազանովն ասաց, որ նախարարների հարցը դեռեւս չի քննարկվել։
«Ինչ վերաբերում է պարոն Բաբլոյանին, նա ունի երկարամյա փորձ, իմաստուն անցյալ եւ հուսով ենք, որ նրա գլխավորությամբ կարող ենք ավելի արդյունավետ աշխատել… Բոլոր 105 պատգամավորների հետ համագործակցությունը պատկերացնում եմ հանրապետության շահի գերակայության սկզբունքով»,- եզրափակեց Շարմազանովը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ