Ուսումնասիրելով «Իրավունքի Եվրոպա» հ/կ դիտորդ Միքայել Փամբուխչյանի բողոք-դիմումը՝ ԿԸՀ-ն որոշեց մերժել այն՝ ապացուցված չհամարելով, որ դիտորդը ավագանու ընտրությունների օրը պահանջել է քվեարկության արդյունքների արձանագրություններն ու չի ստացել:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ներկայացմամբ, դիմումատուն նշեց, որ արձանագրությունների լուսանկարահանումն անհրաժեշտ է եղել «Իրավունք Եվրոպա» հ/կ-ին տրամադրելու համար եւ ապացուցվել է, որ նույն օրը նույն հ/կ-ի մեկ այլ դիտորդի տրամադրվել են արձանագրությունները, որոնք վերջինս լուսանկարահանել է:
Տիգրան Մուկուչյանը նաեւ արձանագրեց, որ դիմումը եղել է առանց իրավական հիմնավորումների, հստակ չէր պահանջը:
Փամբուխչյանի ներկայացուցիչ, փաստաբան Երանուհի Թումանյանցն էլ հանձնաժողովի որոշման հիմնավորումները տարօրինակ որակեց. «Ստացվում է, որ մենք փաստ չբերեցինք, մյուս կողմը բերեց, ինչն էլ որոշման հիմք դրվեց, գուցե վկաներ էր պետք կանչել ու համոզվել»:
Դիմումատուի մյուս ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանն էլ անդրադարձավ ԿԸՀ որոշման մեջ տեղ գտած այն հատվածին, թե ապացուցման բեռը դիմումատուն է կրում, բայց ոչ միայն չհիմնավորեցին, այլեւ չապացուցեցին. «Նախագծում իրավաչափ չեն այն մոտեցումները, որ ապացուցման բեռը կրում է դիմումատուն: Վերջինս փաստական հանգամանքներ է բերել ու քանի դեռ հակառակը չի ապացուցվել, ուրեմն անհերքելի է… բացի այդ ինձ համար անհասկանալի է. ձեր ասածից կարելի է մտածել՝ եթե դիտորդներից մեկն իրացրել է իր իրավունքը, ուստի անհրաժեշտություն չկա, որ մյուսն իրացնի իր իրավունքը, ու նորմալ է, որ խախտվել է այս մեկի իրավունքը: Չպետք է նման մոտեցում լինի, եթե դիտորդներից մեկն իր իրավունքն իրացրել է, մյուսը կարող է զրկվե՞լ իր իրավունքից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ