Հայտնել ենք Դիլիջանի ազգային պարկի տարածքում ծառերի անօրինական, մեծածավալ հատումների մասին: Ազգային պարկի տարածքում նաեւ ապօրինի կերպով այծյամներ են որսում:
Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Վիգեն Այդինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա հանդիսանալով «Հայաստանի Հանրապետության որսորդների եւ ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության անդամ,2016թ. հոկտեմբերի 26-ին բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ Գոշի տեղամասի 6-րդ պահաբաժնի տարածքում, իր անվամբ հաշվառված ՄՍ-12 որսորդական ողորկափող հրացանով ապօրինի որսացել է այծյամ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով («Ապօրինի որսը, որը պատճառել է խոշոր վնաս»): Սույն հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է տուգանքով՝ 400-600 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով: Վ. Այդինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մինչ Տավուշի մարզի ատյանի դատարանում դատաքննությունը սկսվելը Վ. Այդինյանը դատարանին միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, դատարանն այդ միջնորդությունը բավարարել է: Ապրիլի 27-ին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Վ. Այդինյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ նրան դատապարտել 400 հազար դրամ տուգանքի:
Դիլիջանի տարածաշրջանի Աղավնավանք գյուղի բնակիչ Վաչագան Թավարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Հայաստանի Հանրապետության որսորդների եւ ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության անդամ,չունենալով որս կատարելու թույլտվություն, 2017թ. հունվարի 24-ին, ժամը 06. 30-ի սահմաններում Աղավնավանք գյուղում գտնվող իր տան հողամասում իր կողմից ապօրինի պահվող որսորդական ողորկափող հրացանից դիտավորությամբ մեկ կրակոց արձակելով՝ ապօրինի որսացել է այծյամ ՝ պետությանը պատճառելով խոշոր՝ 250 000 դրամի վնաս: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով :
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Վ. Թավարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշված քրեական գործով դատավարությունը հերթական նիստը Տավուշ մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կկայանա վաղը՝ մայիսի 18-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ