«ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ առաջին նստաշրջանի ժամանակ ԱԺ որոշմամբ պետք է սահմանվի մշտական հանձնաժողովների թիվը, սրանց անդամների թիվը, ոլորտները, ինչպես նաեւ այն պաշտոնատար անձինք, որոնք կառաջադրվեն վաղը:
Այդ որոշման նախաձեռնության իրավունքը պատկանում է խմբակցություններին, չորս խմբակցություններն էլ առաջարկություններ պետք է ներկայացնեն եւ դրանք կքննարկվեն»,- մայիսի 17-ին ՀՀԿ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ արդեն ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը` անդրադառնալով ԱԺ հանձնաժողովների թվին:
Ինչ վերաբերում է կրճատումներին, պարոն Թովմասյանն ասաց. «Կրճատման օգտին է խոսում երկու գործոն. ԱԺ պատգամավորների թիվը կրճատվում է, սա առաջին եւ երկրորդ` էականորեն փոխվել են մշտական հանձնաժողովների գործառույթները, ինչը նշանակում է, որ ավելի մեծ ռեսուսներ են պահանջվելու: Այս երկուսը հաշվի առնելով` պետք է որոշում ընդունել: Փորձը ցույց է տալիս, որ, մասնավորապես տնտեսական եւ պետաիրաիրավական հանձնաժողովները կրում են ծանրաբեռնվածության բեռի հիսուն տոկոսը, մնացած բոլոր 10 հանձնաժողովները միասին` մնացած հիսուն տոկոսը»:
Նա չբացառեց, որ հնարավոր է որոշ հանձնաժողովներ կրճատվեն:
Հրայր Թովմասյանը պատասխանելով լրագրողների հարցին` իրեն որեւէ պաշտոն կառաջարկվի՞, ասաց. «Չեմ կարող ասել … չի քննարկվել…Ես լինելու եմ պատգամավոր, դուք ինձ շատ կտեսնեք, շատ հարցերի կպատասխանեմ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ