Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ կես ժամ ընդմիջում հայտարարեց՝ դիտորդ Միքայել Փամբուխչյանի փաստաբաններին կես ժամ ժամանակ տալով գրավոր հրաժարվել իրենց պահանջից:
Հիշեցնենք, որ Փամբուխչյանը դիմում է ուղարկել ԿԸՀ՝ պահանջելով հանձնաժողովից արձանագրել ու գնահատական տալ իր իրավունքների խախտման դեպքին: Դիտորդի պնդմամբ, ավագանու ընտրությունների օրը 2/53 տեղամասում խախտվել է իր իրավունքը, երբ ինքը պահանջել է քվեարկության արդյունքների արձանագրությունները լուսանկարահանել, իրեն մերժել են:
Այս նիստին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դժգոհեց, որ Փամբուխչյանի փաստաբանները դիմումում չեն հստակեցրել պահանջը. «Դիմում եք բերել առանց իրավական հիմնավորումների, ինչ եք պահանջում, ենթադրենք՝ արձանագրում ենք, որ դիտորդի իրավունքներն են խախտվել, խախտումը վերացնելը մենք հասկանում ենք թույլ տալ դիտորդին նկարել, ինչից նա հրաժարվում է»:
Փաստաբան Արամազդ Կիվիրյանն էլ հստակեցրեց՝ պահանջում ենք վարչական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված անձանց, փաստել խախտումը:
Այս հարցի շուրջ երկար բանավիճելուց հետո ԿԸՀ նախագահը ընդմիջում հայտարարեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ