Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում քննում է ավագանու ընտրություններին 2/53 տեղամասում դիտորդական առաքելություն իրականացրած Միքայել Փամբուխչյանի դիմումը, որով վերջինս բողոքում է, որ տեղամասում իր իրավունքներն են խախտվել:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դիտորդի փաստաբաններ Երանուհի Թումանյանցից ու Արամազդ Կիվիրյանից նախ հետաքրքրվեց՝ ինչու են այս դիմումն ուղարկել ԿԸՀ, այլ ոչ թե ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Երանուհի Թումանյանցն էլ պարզաբանեց՝ պահանջում են, որ ԿԸՀ-ն գնահատի ու քննություն անի Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այդ մասով կատարած գործողությունները, եւ ինչու չէ խախտումներ կատարած անձանց ենթարկի օրենքով սահմանված պատասխանատվության:
«Նույն բողոքը տարել եք ընտրատարածքային հանձնաժողով, թող քննի, կարող է բավարարում է ձեր բողոքը: Անկեղծ ձեր տրամաբանությունը չեմ հասկանում»,- առարկեց պարոն Մուկուչյանը ու այսպես մի տեւական ժամանակ փոխադարձ հարցադրումներով Մուկուչյանն ու փաստաբանը քննարկեցին ԿԸՀ այս դիմումը ներկայացնել-չներկայացնելու անհրաժեշտության հարցը:
Հետո ԿԸՀ անդամները հարցերով դիմեցին «տուժած» դիտորդին: Վերջինիս պատմելով, ինքը պահանջել է քվեարկության արդյունքների արձանագրությունները, որ լուսանկարահանի, իրեն մերժել են: Տիգրան Մուկուչյանն էլ, վկայակոչելով տեղամասի գրանցամատյանը, արձանագրեց, որ հենց այն նույն կազմակերպության, որտեղ եւ աշխատում է Փամբուխչյանը, մեկ այլ դիտորդի տվել են արձանագրությունները, լուսանկարահանել է, հետո հարցրեց՝ ինչու ձեզ չեն տվել, բայց ձեր կազմակերպությունից մեկ այլ դիտորդի տվել են, երիտասարդը դժվարացավ պատասխանել:
«Ձեր պահանջը ուժի մեջ մնո՞ւմ է, ուզո՞ւմ եք լուսանկարահանել»,- Մուկուչյանի հարցին Փամբուխչյանը պատասխանեց՝ հիմա նկարելու կարիք չկա, էլ ինչ:
«Բա ինչ եք ուզում»,- հետաքրքրվեց Մուկուչյանը, ի պատասխան. «Դիտորդի իրավունքի խախտում է, արձանագրեք»:
Ձեր գործընկեր Հովհաննիսյան Դավիթը նկարել ու փոխանցել է կազմակերպությանը, հիմա ձեր հարցը լուծվա՞ծ է ԿԸՀ նախագահի այս հարցին էլ դիտորդը պատասխանեց՝ լուծված է;
Նիստի մասնակից թիվ երկրորդ տարածքային հանձնաժողովի նախագահ Մարատ Սեւոյանն էլ պարզաբանեց՝ ինչու չեն տվել արձանագրությունները, ասաց՝ երիտասարդը պահանջել է արձանագրություններն այն պահին, երբ քվեարկության ավարտից հետո տեղամասերի քարտուղարներն ու հանձնաժողովի նախագահները ներկայացել էին հանձնաժողով՝ բերելով քվեարկության արդյունքների արձանագրությունները. «Ասել ենք՝ սպասեք, կավարտենք, կտանք»:
Միջամտեցին Փամբուխչյանի փաստաբանները, որոնց ընդհատեց Մուկուչյանը. «Թույլ տվեք, որ ինքը խոսի, մինչեւ այս, դասը սովորեցրել եք ու բերել, թող հիմա խոսի»:
Փաստաբան Երանուհի Թումանյանցն էլ հակադարձեց՝ հանձնաժողովի նախագահն էլ չի կարողանում առանց թղթին նայելու խոսել, ամեն ինչ թղթից է կարդում. «Մենք էլ կարող ենք մտածել, որ դուք եք նրան սովորեցրել՝ ինչ ասի, թուղթը ձեռքին տվել, որ կարդա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ