2017թ. մայիսի 16-ին, Թեհրան քաղաքում Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ, FEAS) գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստի ժամանակ, գլխավոր ասամբլեան որոշում է կայացրել ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Ստամբուլից Երևան տեղափոխելու վերաբերյալ:
Ստանալով գլխավոր ասամբլեայի «կողմ» ձայների գերակշիռ մասը և առանց որևէ «դեմ» ձայնի առկայության՝ Հայաստանը դարձել է ԵՖԲՖ գլխամասային գրասենյակը ներկայացնող երկիր: Նշենք, որ 1995թ.-ից՝ ֆեդերացիայի հիմնադրման պահից ի վեր ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը գործում էր Ստամբուլում:
ԵՖԲՖ գլխամասային գրասենյակի տեղափոխմամբ՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան կաջակցի ֆեդերացիայի ադմինիստրատիվ կառավարմանը: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է ընտրվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը: Վերջինիս թեկնածությունը հաստատվել է գլխավոր ասամբլեայի ձայների մեծամասնությամբ, որին սատարել է գործադիր խորհուրդը:
«Ստանձնելով ֆեդերացիայի ադմինիստրատիվ կառավարումը՝ մենք Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գործունեության նոր, բեկումնային դարաշրջանի սկիզբ ենք դնում: Մշտապես լինելով արևելյան և արևմտյան մշակույթների խաչաձևման կենտրոնում՝ Հայաստանը կնպաստի ֆեդերացիայի շրջանակներում գործող տարբեր քաղաքատնտեսական գաղափարախոսությունների փոխներգործությանը՝ նպաստելով ֆեդերացիայի զարգացմանն ու հետագա աճին»,- ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը (Երևանի ֆոնդային բորսան, հետագայում «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ, իսկ այնուհետև «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ) եղել է Եվրասիական ֆոնդային բորսաների ասոցիացիայի 12 հիմնադիր բորսաների թվում: 2016թ.-ի նոյեմբերից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հանդիսանում է նաև ԵՖԲՖ գործադիր խորհրդի անդամ:
NASDAQ OMX Armenia