ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ներկա է գտնվել Արագածոտնի մարզխորհրդի նիստին, որին մասնակցում էին համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմը, մարզային տարբեր կառույցների ներկայացուցիչները:
Նախարարին զեկուցվել է համայնքների բյուջեների կատարման և սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի, համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի մշակման, մարզային ներդրումային ծրագրերի, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների մասին: Մարզխորհրդի նիստում ներկայացվել է նաև գյուղատնտեսական ոլորտում իրականացված աշխատանքների ընթացքը:
ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել մարզպետին և համայնքների ղեկավարներին՝ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը լավագույնս կազմակերպելու համար, ինչի արդյունքում ակնկալվում է, որ մարզը 2017 թվականին կունենա առավելագույն ցուցանիշներ:
Միաժամանակ նախարարը ներկայացրել է համայնքների զարգացմանն ուղղված կառավարության նոր տեսլականը. «Ձեր մարզը եզակիներից է, որը 2017 թվականին նախորդ տարվա համեմատ իր սեփական եկամուտների 18 % պլանային աճ է ֆիքսել և դա ամրագրված է կառավարությունում: Տեղեկացնեմ, որ այն համայնքապետերը, ովքեր չարչարվում են և իրենց բյուջեներն ավելացնում են, որոնք ջանք են թափում, որ իրենց սեփական եկամուտները հավաքագրվեն, աշնանը ֆինանսավորման պարագայում ստանալու են լրացուցիչ միջոցներ:
Համայնքների հետ աշխատանքում գործելու է «Ավելիին՝ ավելի» սկզբունքը»: Դավիթ Լոքյանն այս համատեքստում կարևորել է նաև այն օրենսդրական փոփոխությունները, որոնք արվելու են համայնքային բյուջեներն ավելացնելու համար: Նախարարը հորդորել է համայնքների ղեկավարներին ակտիվացնել աշխատանքները և ներկայացնել նոր ծրագրեր:
Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին: Արդեն խոշորացված համայնքներում իրականացված աշխատանքների մասին համապարփակ տեղեկատվություն ներկայացնելով, Դավիթ Լոքյանն ասել է. «Կա համայնք, որն ունի 400-500 բնակիչ և խոսում ենք շատ մեծ բաներից: Խոսում ենք տնտեսական ծրագրից, խոսում ենք ներդրումային ծրագրից:
Բոլորիս համար էլ հասկանալի է, որ այդ կարգի համայնքը տրամաբանորեն, մարդկային կապիտալի տեսանկյունից չի կարող այդ կարգի աշխատանքներ իրականացնել: Այսօր մեր խոշորացված յուրաքանչյուր համայնքում առնվազն 60 -125 մլն դրամ առանձնացված է կապիտալ ծախսերի համար:Եվ պետությունն էլ հիմնականում իր օժանդակությունն ուղղելու է այդ համայնքներ»:
Նախարարն անդրադարձել է նաև կրթության և առողջապահության ոլորտներում առկա հիմնախնդիրներին, մարզից ստացված ներդրումային ծրագրերին, մի շարք հանձնարարականներ տվել:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն էլ ներկայացրել է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում արված և անելիք աշխատանքները, խոսել համայնքների բարեկարգման, զարգացման իրատեսական ծրագրերի կազմման անհրաժեշտության եւ այլ հարցերի մասին: Անդրադառնալով կրթության և առողջապահության ոլորտներին, մարզպետը նշել է, որ դրանք իրենց ամենօրյա ուշադրության ներքո են: Պարբերաբար ուսումնասիրություններ են արվում տարբեր ոլորտների պատասխանատուների հետ կազմակերպվում են քննարկումներ, տրվում են հանձնարարականներ:
Մարզխորհրդի նիստի ավարտին նախարար Դավիթ Լոքյանն ու մարզպետ Գաբրիել Գյոզալյանը պարզաբանումներ են տվել համայնքապետերին հուզող հարցերի շուրջ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն