Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ սկսվել է Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնի ՊՊԾ դասակի 3-րդ սպայական ջոկի տեսուչ Մկրտիչ Չարչօղլյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Նախկինում չդատված, բարձրագույն կրթությամբ ոստիկանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով, որը կոչվում է «Ծեծը»։
Վերջինս, ըստ հարուցված քրեական գործի, 2016 թվականի նոյեմբերի 18-ին Շիրակացի փողոցում գտնվող իրենց շենքի աստիճանահարթակում ծեծել է իրենց հարևանին՝ Հ․Ծառուկյանին իր չափահաս եղբորը «Արթուրիկ» անվանելու համար։
Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից , ոստիկանը «հարվածել է Ծառուկյանի մարմնի տարբեր մասերին, պատճառել առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»։ Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։
Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածը սահմանում է․ «Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ