Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց նպատակն ի՞նչն էր՝ մանդա՞տը, թե՞ քաղաքապետ ունենալը». Ազատ Արշակյանը՝ «Ելքի» անհասկանալի պահվածքի մասին

Մայիս 17,2017 17:59

«Ելքը նման հայտարարություն անելու փոխարեն պետք է դիմեր Սահմանադրական դատարան, ընտրությունների արդյունքները չեղյալ համարեր, որովհետեւ պարզ է, որ «Ելքն» ավելի շատ ձայն պիտի ստանար եւ քաղաքապետ դներ: Մնացած բոլոր հայտարարությունները անիմաստ են եւ մեկնաբանության կարիք չկա: Եթե նա չի բողոքարկում դա եւ չի ունենալու իր քաղաքապետը, նշանակում է՝ պետք է լռություն պահպանի եւ հրաժարվի»,- Aravot.am-ի հետ զրույցում ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսպես մեկնաբանեց ընտրություններից հետո «Ելք» դաշինքի հայտարարությունն առ այն, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները ձեւավորվել են քաղաքացիների քվեարկության արդյունքում:

Ազատ Արշակյանի խոսքերով՝ «Իրենց նպատակն ի՞նչն էր՝ մանդա՞տը, թե՞ քաղաքապետ ունենալը: Ելքն ասում էր, որ պիտի քաղաքապետ ունենա, Երեւան քաղաքում իրականացնի իր ծրագիրը, Երեւան քաղաքը դարձներ երեւանցիների համար հաճելի բնակավայր եւ մայրաքաղաք, իր այդ ծրագիրը չի կատարվել, նշանակում է՝ ինքը պարտվել է կեղծիքի արդյունքում: Կեղծվել են ընտրությունների արդյունքները, ինքը անպայման պետք է բողոքի եւ իր յուրայիններին՝ 200 հազարին հանի փողոց: Այդքան յուրային ունի, չէ՞, թող հանի փողոց, ուրիշ ոչ մի բան ինձ չի հետաքրքրում «Ելքի» հայտարարություններից»:

Մեր դիտարկմանը, որ «Ելքն» արդեն հայտարարել է, որ Սահմանադրական դատարան չի դիմելու եւ չի գնալու նույն ճանապարհով, ինչ ամեն ընտրություններից հետո արվում է՝ Ազատ Արշակյանը պատասխանեց. «Դա ինձ արդեն չի հետաքրքրում, դա արդեն քաղաքականություն չի, դա արդեն ուրիշ բնագավառ է, որի մասին ես չեմ ուզում խոսել»:

Մենք ճշտեցինք՝ «Ելքը» պիտի մանդատները վա՞յր դներ, այդպե՞ս եք գտնում՝ Ազատ Արշակյանը պատասխանեց. «Պիտի պահանջեին չեղյալ համարել արդյունքները, վերահաշվարկ անեին: 60-70 տոկոս ձայները իրենք պետք է հավաքած լինեին: Եթե լռում են՝ անհասկանալի է: Անհասկանալի լռություն է դա»:

Մեր դիտարկմանը, որ Էդմոն Մարուքյանն ասում է՝  մենք հակակշիռներ կստեղծենք ավագանիում, կզսպենք Տարոն Մարգարյանին՝ Ազատ Արշակյանն արձագանքեց. «Պետք չի զսպել, հարկավոր է իշխել: Նրանք զսպելու համա՞ր են դուրս եկել քաղաքականություն, պայքարի են դուրս եկել հաղթելու համար եւ նրանք պետք է հաղթեին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031