Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը պատրաստ է հակազդելու ադրբեջանական նկրտումներին

Մայիս 17,2017 16:56

 Մայիսի 15-ին Հելսինկիում տեղի է ունեցել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ սառեցված հակամարտությունների գծով ենթահանձնաժողովի նիստը, որի օրակարգում քննարկվել է ենթահանձնաժողովի գործունեության 2017թ-ի աշխատանքային պլանը: Պլանի նախնական տարբերակը ենթադրում էր քննարկումներ և այլ գործողություններ , այդ թվում՝ փաստահավաք առաքելություններ ԼՂ հակամարտության հարցով: Մենք փորձեցինք ենթահանձնաժողովի աշխատանքների շուրջ մանրամասներ ճշտել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից , ով նաև ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահն է, և մասնակցել է ենթահանձնաժողովի նիստին:

 -Տիկին Նաղդալյան, փաստորեն , տեսնում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական Վեհաժողովում չեն դադարում փորձերը` մտնելու ԼՂ խնդրի շուրջ քննարկումների մեջ: Ինչպիսի՞ն է այժմյան իրավիճակը:

-Այո, սառեցված հակամարտությունների հարցերով ԵԽԽՎ-ում ստեղծված ենթահանձնաժողովը, 2017 թ-ի իր աշխատանքային ծրագրերն ու մեթոդները քննարկելու առիթը օգտագործելով, ևս մեկ փորձ արեց ԼՂ հակամարտության թեման մտցնել Վեհաժողովի գործընթացների մեջ , չնայած այս Վեհաժողովում բազմաթիվ անգամ ընդգծել ենք, որ ԵԽԽՎ-ն չունի անհրաժեշտ փորձառություն , գիտելիքներ և տեղեկատվություն ՝ առանց վնասելու գործընթացը հակամարտության հարցերով զբաղվելու համար: Դեռևս ենթահանձնաժողովի ստեղծման և կանոնակարգի քննարկման ժամանակ մեզ հաջողվել էր կանոնակարգի մեջ կետ ամրագրել այն մասին, որ ենթահանձնաժողովը իր աշխատանքային գործընթացները կարող է ծավալել միայն կողմերի համաձայնության դեպքում: Հետևաբար, այդպիսով կատարվելու էր նախկինում տեղի ունեցած պայմանավորվածությունների և կանոնադրության խախտում: Քննարկման ընթացքում ծավալված բավական երկարատև բանավեճի ժամանակ բազմաթիվ փաստարկներ հնչեցրեցինք: Արդյունքում՝ փոփոխություն կատարվեց ծրագրի նախնական տարբերակում և ծրագրից հանվեցին ԼՂ հակամարտության շուրջ 2017-2018-ի առաջին կիսամյակի համար նախատեսած ընթացիկ քննարկումները և գործողությունները, վերահաստատվեց մոտեցումը, որ ենթակոմիտեն պետք է առաջնորդվի նախատեսված լիազորությունների շրջանակով և գործի սահմանված աշխատակարգի համաձայն: Լեռնային Ղարաբաղի հարցը օրակարգ ներառելու խնդրին ենթակոմիտեն կանդրադառնա 2017թ. վերջում՝ երկու երկրների համազեկուցողների մասնակցությամբ նախնական քննարկումների արդյունքում: Կեսօրից հետո այդ հարցը ենթահանձնաժողովի նախագահի կողմից ներկայացվեց նաև մոնիտորինգի հանձնաժողովում և ընդունվեց նույն տեսքով:

-Այնուամենայնիվ, ինչո՞վ եք բացատրում, որ ԵԽԽՎ-ն այսքան հաճախ է փորձում մտնել ԼՂ հակամարտության տիրույթ…

– Իհարկե, առաջին և ամենահիմնական պատճառը , վստահաբար, կարող ենք ասել այն է, որ մեր երկրի նախագահ Ս. Սարգսյանի գլխավորությամբ վարվող արտաքին քաղաքական գլխավոր ուղղություններից մեկի ՝ Մինսկի բանակցային գործընթացի ընթացքը ոչ բարենպաստ է Ադրբեջանի համար, և հարևանները չեն կարողանում այդ հարթակում իրենց քիմքին հաճո և իրենց ձեռնտու ձևակերպումների և լուծումների հասնել, ժամանակը գնում է, և դժգոհությունը Մինսկի խմբից և այդ գործընթացներից կուտակվում է: Եվ այդ պատճառով իրենք զուգահեռաբար փնտրում են այլ հարթակներ, որտեղ կարող են ռմբակոծելով Մինսկի խմբի աշխատանքները , մտցնել ադրբեջանանպաստ ձևակերպումներ ՝ հուսալով, որ դրանց արդյունքում իրենց համար առավել ընդունելի լուծումներ կարող են ունենալ: ԵԽԽՎ-ն դրա համար լավագույն հարթակն է , որովհետև այստեղ իրենք ունեն բավական մեծ ներկայացվածություն՝ ունեն իրենց համախոհ, ազգակից-բարեկամ երկրներ: Հայտնի է նաև, որ այստեղ լոբբիստական մեծ ցանց է գործում և հսկայական միջոցներ են ներդրվում Ադրբեջանի կողմից, այս ամենն իրենց հույս է ներշնչում ՝ ավելի մեծ հաջողությունների հասնելու այստեղ և բեկանելու բանակցային գործընթացը:

Այս իրավիճակում, երբ կոռուպցիոն սկանդալների արդյունքում իրենք բավականին խնդիրներ ունեցան և իրենց հայտնի լոբբիստները կարծես հարվածի տակ են և պետք է որ նահանջեն, փորձում են այժմ էլ այլ ճանապարհով ՝ սառեցված հակամարտությունների կոմիտեի միջոցով, հասնել ինչ-որ հաջողության և ճեղքում կատարել: Մյուս կողմից էլ, ըստ երևույթին, կան կամավորներ՝ պատրաստ ,,ստանձնելու,, լոբբիստների դերը, չէ՞ որ սուրբ տեղը բաց չի մնալու: Ուստի և առաջանում են նման նախաձեռնություններ:

Այսպես թե այնպես, գործընթացը շարունակական է և պետք է ամեն պահի մեր աշխատանքով , փաստերով և փաստարկներով պատրաստ լինենք հակազդելու ադրբեջանական նկրտումներին:

 

Մամլո հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031