Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում առաջին զանգվածային ներառական սպորտային մրցաշարը միավորում է 170 հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների

Մայիս 17,2017 16:21

17-ը մայիսի, 2017թ. Երևան: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և «Հատուկ օլիմպիադաներ Եվրոպա/Եվրասիայի» աջակցությամբ Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար նախատեսված՝ Հայաստանի առաջին ներառական սպորտային մրցաշարի եզրափակիչ փուլը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, Կրթության և գիտության նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Միջոցառումը համախմբեց 170 երեխաների և ընտանիքների, Երևանի 17 դպրոցների տնօրենների և ֆիզիկական կրթության ուսուցիչների, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից կամավորների, ինչպես նաև՝ գործընկեր կազմակերպությունների:

«Յուրաքանչյուր երեխա խաղալու, սովորելու և հասարակության մեջ ներառվելու իրավունք ունի: Շատ հաճախ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները ազատվում են ֆիզկուլտուրայի դասերից, ինչը կանխում է նրանց ներուժի զարգացումը և իրենց հասակակիցների հետ շփումը: Այս ծրագրի միջոցով մենք փորձեցինք ստեղծել թիմային աշխատանք խրախուսող ուրախ միջավայր՝ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների ծանոթության և շփման համար: Միևնույն ժամանակ, սա քիչ ծախսատար մոդել է, որը կարող է հեշտությամբ կիրառվել ներառական դպրոցներում՝ ներառական համայնքային ոգի կառուցելու և համայնքի մասնակիցներին ներգրավելու համար»,- ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Շուրջ մեկ տարվա ընթացքում, 2016-2017թթ.-ին, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կամավորների աջակցության շնորհիվ` 8-14 տարեկան երեխաները մասնակցել են իրենց համայնքներում իրականացվող ներառական սպորտային միջոցառումներին: Ծրագիրը Հայաստանում առաջինն է և հիմք կծառայի ապագայում նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար:

Ծրագրի մաս է կազմում նաև հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպումը` ուղղված ուսուցիչներին ներառական սպորտային մոդելի ստեղծման մասին գիտելիքների տրամադրմանը:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին մենք վերապատրաստել ենք Երևանի 17 դպրոցների թվով 34 ֆիզիկական կրթության ուսուցիչների: Նաև, նպատակ ունենալով վերապատրաստել ապագա ուսուցիչների, ծրագրի մեջ ներառել ենք Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 20 ուսանողների»,- տեղեկացրեց «Հայկական հատուկ օլիմպիադաներ»-ի գործադիր տնօրեն Արտակ Իսրաելյանը: «Ֆուտբոլը ավելին է, քան պարզապես սպորտաձև: Այն միավորում է երեխաներին և ցուցադրում է յուրաքանչյուր երեխայի իրական խառնվածքը` մեզ հնարավորություն տալով կենտրոնանալ երեխաների ունակությունների վրա»:

Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Հատուկ oլիմպիադաներ»-ը ծրագրի մասին հաշվետվությունը կներկայացնեն Կրթության և գիտության նախարարությանը և կքննարկեն այլ ներառական դպրոցների՝ տվյալ մոդելից արդյունավետ կերպով օգտվելու հնարավորությունները:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031