Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդարանի պահակն էլ ունի պադավատ». Էդմոն Մարուքյան

Մայիս 17,2017 16:07

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վստահեցնում է, որ 6-րդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ-ն կրճատում է ՀՀ ԱԺ հանձնաժողովների թիվը` հասցնելով 9-ի, որպեսզի «Ելք»-ին հանձնաժողովի նախագահի պաշտոն չհասնի:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Էդմոն Մարուքյանը մանրամասնեց. «Ունենք տեղեկություններ, որ ՀՀԿ-ն առաջարկելու է` ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կրճատվի մինչև 9-ը: Այդ կրճատման ամբողջ իմաստն այն է, որ 10-րդ հանձնաժողով չլինի, քանի որ այդ պարագայում ըստ Դոնթի բանաձևի`հանձնաժողովի նախագահի պաշտոնը հասնում է «Ելք» խմբակցությանը: Ամբողջ խնդիրն այն է, որ «Ելքը» որևէ լծակ հանձնաժողովի մակարդակով չունենա և այդ հանձնաժողովը չօգտագործի ԱԺ վերահսկողական ֆունկցիաների համատեքստում»:

Պարոն Մարուքյանը մտահոգություն հայտնեց, թե ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովը միավորվելու է պետական-իրավական հարցերի հանձնաժողովի հետ, որն աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով. «Այդ հանձնաժողովն իր ունեցած օրենսդրական փաթեթները չի հասցնում քննարկել, ուր մնաց մարդու իրավունքների հարցերը: Եթե անգամ այդ հանձնաժողովի անվանման մեջ մտցնեն մարդու իրավունքներ եզրույթը, շարունակելու եմ մնալ այն համոզմանը, որ սա խայտառակություն է: Սա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը առաջնահերթություն չունի մեր երկրում, ու կարող են հանգիստ փակել այդ հանձնաժողովը»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ նոր ԱԺ-ն ձևավորվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է ու հեգնեց. «Այս պարագայում ես զարմանում եմ, որ խելքները չի հասել ստեղծեն Եվրասիական ինտեգրման հանձնաժողով: Եթե մարդու իրավունքների հանձնաժողովի փակման մտադրություն ունեն, սա ուղերձ է միջազգային հանրությանը, որ մենք եվրոպական ինտեգրման ուղղությունն ու մարդու իրավունքներն առաջնահերթություն չենք համարում: Այս աստիճան արդեն բացահայտ իմիտացիայով չեմ կարծում, որ իշխանությունները կարող են ակնկալիք ունենալ` այդքան ցանկալի ֆինանսական հոսքեր ստանան համապատասխան քաղաքական դիրքորոշումների բացակայության պայմաններում: Մենք մեր այս մտահոգությունները ներկայացրել ենք նաև եվրոպական կառույցներին: Չի կարելի վստահել և ֆինանսական աջակցություն ցույց տալ ինստիտուցիոնալ զարգացման համար մի իշխանության, որը եվրաինտեգրման և մարդու իրավունքների հանձնաժողովները փորձում է լուծարել»:

Պարոն Մարուքյանն ասաց, թե հիմնավոր չեն լինի ՀՀԿ-ի այն պատճառաբանությունները, թե հանձնաժողովը գործ չի անում և այն պետք է օպտիմալացնել, հակառակը, ըստ Էդմոն Մարուքյանի`«ԱԺ նախագահը չի ստորագրում նախագծեր և գլխադասային հանձնաժողով չի նշանակում այդ հանձնաժողովն ու դրան պարապ է թողնում». «Բայց այդքանով հանդերձ՝ հանձնաժողովն աշխատել է, տիկին Վարդանյանը քրեակատարողական հիմնարկներ է այցելել, ՀԿ-ների մասին օրենքն ընդունվեց այդ հանձնաժողովում»:

Պարոն Մարուքյանը վստահեցրեց, որ այս հանձնաժողովի փակումը չի տեղավորվում օպտիմալացման մասին հիմնավորումների մեջ. «Այդ հանձնաժողովը որևէ ծախսային բեռ չունի ԱԺ-ի վրա: Աբսուրդ է. խորհրդարանի պահակն էլ ունի պադավատ: Ասենք հանձնաժողովի նախագահը, որը նախարարին հավասար պաշտոն է, ինչո՞ւ, չպիտի ունենա մեքենա: Բայց մենք երբևէ որպես ընդդիմություն չենք էլ վիճարկել այդ հարցը: Ավելին, եթե նման փաստարկ բերվի, կարծում եմ, որ պետք է օպտիմալացվի ոչ թե ԱԺ-ն, այլ կառավարությունը: Խորհրդարանական կառավարման երկրի բեռը տեղափոխվում է կառավարությունից դեպի խորհրդարան, նաև նախագահականից դեպի խորհրդարան: Ուստի օպտիմալացումը խորհրդարանից դուրս պետք է արվի»:

Պարոն Սաքունցն էլ վրդովվեց, թե կառավարությունն այդքան գործում է, բայց խնդիրներն ավելի են մեծանում. «Արտագաղթը մեծանում է, տնտեսական ցուցանիշները վատանում են, վերացրեք կառավարությունը, ամենաճիշտ օպտիմալացման տեղը դա պետք է լինի: Ընդհանրապես ոստիկանությունը կարելի է փակել. ոստիկանությունը մարդու իրավունքների խախտման կառույց է»:

Պարոն Մարուքյանին լրագրողները հարց հղեցին նաև այն մասին, թե «Ելք» խմբակցությունն ո՞վ կգլխավորի, պարոն Մարուքյանը պատասխանեց. «Այս պահին այդ որոշումը չկա, խմբակցությունն ինչպես որոշի, այնպես էլ կլինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031