Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոստանջյանից ու Փաշինյանից բան դուրս չի գա, Տարոն Մարգարյանին ենք սիրում». «Սանիտեքի» աշխատողներ

Մայիս 17,2017 15:23

«Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ շրջում էր բակեբակ եւ բնակիչներին վստահեցնում՝ «ՀՀԿ-ի ստեղծած ընտրակաշառքային փոսից ելք կա»:

Իսկ ընտրություններից հետո «Ելքը» արձանագրեց, որ Երեւանի 100 հազարավոր բնակիչներ ընտրակաշառքը վերցրեցին եւ քվեարկեցին Տարոն Մարգարյանի օգտին: Երբ մենք Նիկոլ Փաշինյանին հարցրեցինք՝ բա ասում էիք ՀՀԿ-ի ստեղծած ընտրակաշառքային փոսից ելք կա՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք ընտրակաշառքի փոսում գտնվող քաղաքացիներին ձեռք ենք մեկնել, քաղաքացին, համենայնդեպս, մեծամասնությունը որոշել է այդ ձեռքի հնարավորությունից չօգտվել»:

Իսկ թե ինչու քաղաքացիները «Ելքի» մեկնած ձեռքը չբռնեցին եւ առաջարկած 15 հազար դրամների հետեւից չգնացին՝ պատճառները տարբեր են: Օրինակ, Տարոն Մարգարյանի քարոզարշավային հանդիպումներից մեկի ժամանակ մեզ հետ զրույցում «Սանիտեքի» աշխատողներին երբ փոխանցեցինք Փաշինյանի առաջարկը՝ ընտրակաշառք չվերցնելու եւ իրենց 15 հազար դրամը օրինական կարգով ստանալու՝ նրանք արձագանքեցին. «Թող Նիկոլը գնա իրա հեծանիվը քշի: Եթե մինչեւ հիմա իրենք ինչ-որ հարց լուծած լինեին, մենք տեսնեինք, ինչպես Տարոն Մարգարյանն է, որ ամեն ինչը տեսանելի է իր մոտ: Ինքը խոսքի մարդ չի, գործի մարդ ա, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ ա արել, որ մենք հավատանք: 15 հազար դրամի կարիքը շատ ունենք, բայց չենք հավատում իր սուտ խոստումներին»:

«Սանիտեքի» աշխատողներն այդ օրը Տարոն Մարգարյանի քարոզարշավին էին եկել՝ իրենց խնդիրները բարձրաձայնելու համար: Նրանք բողոքում էին, որ իրենք աշխատանքային պայմանագիր են կնքել ու քաղաքապետարանը չի կատարել պայմանագրով խոստացածը. «Մեծական խոսք կա, ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնի: Տարոն Մարգարյանը իր պապայի տղեն ա, լավ ղեկավար, բայց որ մեր «Սանիտեքի» աշխատողներին ուշադրություն դարձնի, ավելի ճիշտ կանի: 105 հազարի տակ մենք պայմանագիր ենք կնքել, որ պիտի ստանանք, իջեցրել են 80 հազար, դրանից հետո էլ ստանում ենք 76 հազար, 71 հազար դրամ»:

Նրանք վստահեցրին, որ Երեւանում, իրենց աշխատավարձից բացի, ամեն ինչ նորմալ է, տրանսպորտը՝ շատ լավ, մաքրությունը, ամեն ինչը տեղը տեղին:

Երբ նրանց փոխանցեցինք ընդդիմադիրների՝ Նիկոլ Փաշինյանի եւ Փոստանջյանի քննադատությունները՝ չարաշահումների եւ այլնի հետ կապված՝ նրանք պատասխանեցին, որ Փաշինյանից ու Փոստանջյանից ոչ մի բան դուրս չի գա, իսկ Տարոն Մարգարյանին շատ սիրում են:

Նիկոլ Փաշինյանն ընտրությունների արդյունքներն ամփոփելով՝ լրագրողների հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց. «Եթե բնակիչների 70 տոկոսը ուզում է անապատացող քաղաքում ապրի, կամ հուսահատության «գազելով» շրջի, ի՞նչ անենք, կամ քաղաքին պատկանող 230 ավտոբուսները մնան փտեն հավաքակայանում, իսկ «գազելներով» իրենք կռացած պետք է գնան՝ իրենց ընտրությունն է, ժողովուրդ ջան: Պատկերացնում եք, ես հիմա գնամ կանգառներ, զոռով դուռը բացեմ, էդ մարդկանց քաշեմ ասեմ՝ էդ «գազելից» դուրս արի, մի կռացի, չե՛մ կարա: Եթե ուզում է այդպես երթեւեկի, թող այդպես երթեւեկի, որեւէ խնդիր չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031