«Ոստիկանությունը դրսևորել է կամայականություն». սևազգեստ մայրերի նկատմամբ բռնության դատական նիստ
Ոստիկանները խախտել են էթիկայի կանոնները, ոչ բարեկիրթ և անհարգալից վերաբերմունք են դրսևորել խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների նկատմամբ։ 2015-ի փետրվարի 11-ին նախագահական նստավայրի մոտ բռնության գործով դատական նիստին ընթերցվեց Օմբուդսմենի ամփոփագիրը։
«Պաշտպանը հիշյալ որոշմամբ արձանագրել է, որ ըստ էության ոստիկանությունը դրսևորել է կամայականություն»,- ասաց հայցվոր Գոհար Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը։
Դատարան ներկայացած ոստիկանության ներկայացուցիչը պնդեց՝ ոստիկանության այդ օրվա գործողությունները պայմանավորված են եղել բողոքի ակցիային մասնակցողների պահանջներով ու գործողություններով։ Նշենք՝ այդ օրը ծնողները նախագահական էին եկել որդիների մահվան հանգամանքները պարզելուն ուղղված պահանջով։
«Ոստիկանության տվյալ օրվա գործողությունները ուղղված են եղել ոչ թե բողոքի ակցիան արգելելուն կամ դադարեցնելուն, այլ դրա անցկացումը այնպիսի հեռավորության վրա կազմակերպելուն, որ չխախտվի նախագահի նստավայրի բնականոն գործունեությունը»,- ասաց ոստիկանության ներկայացուցիչը։
Չնայած ոստիկանները բռնություն էին կիրառել սևազգեստ բոլոր ծնողների նկատմամբ, այսօր դատարանը քննեց միայն Գոհար Սարգսյանի դիմումը։ Ավելի վաղ Վարչական դատարանը մերժել էր բռնությունները մեկ գործի շրջանակում քննելու հայցը։ Հայցվորի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը պնդեց՝ անմարդկային վերաբերմունք դրսևորելու որևէ իրավաչափ հիմք ոստիկանները չեն ունեցել և պետք է նրանց գործողություններին իրավական գնահատական տրվի։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ