«Իմ նկատմամբ ոչ մի ճնշում չկա, չի էլ եղել»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի անդամ Նապոլեոն Ազիզյանը: Լրագրողները պարոն Ազիզյանին հիշեցնում էին, թե ինչպես պատահեց, որ իր նկատմամբ ճնշումներ գործադրելուց հետո ինքը հայտարարեց, որ պատրաստ է մանդատը դնել Ծառուկյանի ոտքերի տակ: Պարոն Ազիզյանը կտրականապես հայտարարեց, որ իր նկատմամբ ճնշումներ ընդհանրապես չեն եղել եւ մանդատի հարց ընդհանրապես չի էլ բարձրացվել: Նա հույս ունի, որ այսօր էլ այս քննարկման ժամանակ մանդատի հարց չի բարձրացվելու: Հիշեցնենք սակայն, որ Խաչիկ Մանուկյանի եւ Նապոլեոն Ազիզյանի ընտանիքի անդամներն էին լրատվամիջոցներին, այդ թվում նաեւ Aravot.am-ին ահազանգել ԿԸՀ ներկայացրած ինքնաբացարկի դիմումները ետ վերցնելուց հետո իրենց նկատմամբ ճնշումների մասին: Ամեն դեպքում Նապոլեոն Ազիզյանը հորդորեց. «Մի ժամ սպասեք՝ ամեն ինչ կիմանաք»:
Մանրամասները քիչ ուշ, տեսանյութում:
Իսկ մինչ այդ լրագրողների հետ զրույցում դաշինքով ընտրված գյումրեցի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը խոսելով ԱԺ փոխնախագահի պաշտոնում իրենց թեկնածուի մասին, ասել էր, որ իր կարծիքով եւ Իշխան Զաքարյանը, եւ Նաիրա Զոհրաբյանը այդ պաշտոնում կարող են լավ աշխատել: Պարոն Գրիգորյանը նկատեց նաեւ, որ Իշխան Զաքարյանը փորձ էլ ունի ԱԺ փոխնախագահի պաշտոնում աշխատելու:
Հանդիպմանը եկավ նաեւ ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը: Նա եւս իբր ինքնաբացարկ ներկայացրած 12 անձանց ցանկում էր եւ ավելի ուշ հայտարարել էր, որ մանդատը վայր է դնելու: Պարոն Զուրաբյանը լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել:
Ի դեպ, հանդիպմանն արդեն ներկայացավ նաեւ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ