Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնելիության անկում` Հայաստանում. պատճառներ

Մայիս 17,2017 15:07

2013-ից սկսած Հայաստանում նկատվում է ծնելիության անկում: Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց որոշ վիճակագրական տվյալներ. «2016-ի ընթացքում տարեկան կտրվածքով գրանցվել է 40.592 կենդանի ծնունդ: Աղջիկ-տղա հարաբերակցությունը կազմել է 112. այսինքն՝ յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով ծնվել է 112 տղա, նախորդ տարի 113 տղա էր 100 աղջկա հաշվով, մինչդեռ կենսաբանական միջինը 102-106 տղա է 100 աղջկա հաշվով: Առաջին, երկրորդ երեխաների պարագայում հիմնականում պահպանվում է կենսաբանական միջինը, բայց արդեն 3-րդ երեխայից սկսած անհամամասնությունն ավելի բարձրանում է, չորրորդի դեպքում շատ ավելի մեծ ցուցանիշներ ունենք»:

Դառնալով ծնելիության ցուցանիշներին` տիկին Կոյումջյանը տեղեկացրեց, որ 2017-ի առաջին եռամսյակի տվյալներով`ՀՀ-ում ծնվել է 8534 երեխա: Ըստ վիճակագրության` ծնելիության ցուցանիշի անկում է գրանցվում. «Նախորդ տարի առաջին եռամսյակի ընթացքում ծնունդների թիվը կազմել է 9125, ուստի ունենք 6.5 տոկոսի նվազում: Ծնելիության ամենացածր ցուցանիշը եղել է 2001-ին` 32 հազար և ավելի, որից հետո ցուցանիշը սկսեց ավելանալ: 2012-2013-ին այն հասավ շուրջ 44.000-ի, որից հետո նորից արձանագրվում է ծնելիության ցուցանիշի անկում: 2014-ին ենք միայն բացառություն ունեցել՝ 400031, որից հետո նկատվում է ծնելիության ցուցանիշի նվազման միտում: Սա կանխատեսվող երևույթ էր, քանի որ վերարտադրողական տարիք է մտնում այն սերունդը, որը թվաքանակով ավելի քիչ է»:

Փոխվել են նաև ծնելիության ցուցանիշները` ըստ ծնողի տարիքի. «Եթե 2005-ին 20-29 տարեկան կանայք ապահովում էին ծնունդների 75 տոկոսից ավելին և 30 տարեկաններից բարձր տարիքային խումբը 13 տոկոսը, ապա 2015-ի տվյալներով` 20-29 տարեկաններն ապահովում են 70 տոկոս ծնունդները և 25 տոկոսը 30-ից բարձր տարիքային խումբը: Սա հետևանք է այն բանի, որ մայրանալու միջին տարիքը որոշակիորեն բարձրացել է»:

Բազմապտուղ հղիությունների վերաբերյալ վիճակագրությունը Կարինե Կոյումջյանի ներկայացմամբ` հետևյալն է. «2015-ի ընթացքում մեր երկրում արձանագրվել է 503 բազմապտուղ հղիություն, 484-ը երկվորյակ և 19 եռյակ: Առաջին անգամ էր, որ այս տարի հնգյակ գրանցվեց»:

Դառնալով սելեկտիվ աբորտների խնդրին` տիկին Կոյումջյանը փաստեց, որ խնդիրն ամենասուրը Գեղարքունիքի մարզում է:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգ Նելլի Ավագյանը փաստեց, որ ամենամեծ թվով սելեկտիվ աբորտներ կատարվում են Չինաստանում, Հնդկաստանում և Բալկանյան երկրներում: Այս ցուցանիշով Հայաստանն էլ առանձնապես բարենպաստ դիրքերում չէ. «Սելեկտիվ աբորտների չարիքը միշտ էլ եղել է: Անգամ հին դարաշրջաններում աղջիկ երեխաներին ուղղակի ողջ-ողջ թաղել են: Այդ խնդիրը մեկ օրում լուծել հաստատ հնարավոր չէ: ՀՀ-ում միտում կա. աղջիկ-տղա հարաբերակցությունը քիչ-քիչ փոքրանում է»:

Գինեկոլոգը զգուշացրեց, որ սելեկտիվ աբորտները կնոջ առողջությանը լուրջ վտանգ են սպառնում. «Անգամ կարող է կյանքին վտանգ սպառնալ, կա արնահոսության, արգանդի վնասման վտանգ, կարող է կրծքագեղձի հիվանդությունների պատճառ դառնալ: Հղիության երկրորդ եռամսյակում աբորտ կատարելը ամենավտանգավորն է: Աբորտ թույլատրվում է մինչև 12 շաբաթական հղիություն»:

«Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հավաստմամբ` սելեկտիվ աբորտը լուրջ հոգեբանական հետևանքներ կարող է ունենալ կնոջ օրգանիզմի վրա. «Միայն մեկ տոկոս կանայք են, որ սելեկտիվ աբորտների են գնում սեփական կամքով: Աբորտից հետո կանանց մի մասը տառապում է խորը դեպրեսիայով, փոխվում են հարաբերությունները ամուսնու հետ, սեռական հարաբերությունների բնույթն է փոխվում, չներելու միտում է առաջանում ամուսնուն ուղղված: Աբորտից հետո կինը դառնում է ավելի ագրեսիվ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031