Քիչ հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանի տարածքում տեղի է ունենալու «Ծառուկյան» դաշինքի, կարելի է ասել՝ խորհրդարանական խմբակցության ոչ պաշտոնական առաջին նիստը: Ակնկալվում է, որ այս քննարկումից հետո արդեն պարզ կլինի խմբակցության պատգամավորների անունները:
Հիշեցնենք, որ դաշինքի որոշ ներկայացուցիչների անունից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ինքնաբացարկի դիմումներից հետո դաշինքում, այսպես ասած՝ մանդատակռիվ սկսվեց. այդ 12 անձինք հայտարարեցին, որ իրենք տեղյակ չեն եղել ինքնաբացարկի դիմումներից: Դիմումները ետ վերցնելու համար դիմեցին ԿԸՀ, նրանցից 8-ը մանդատ ստացավ, հետո արդեն տեղի ունեցած զարգացումների արդյունքում նրանցից ոմանք հայտարարեցին, որ պատրաստ են վայր դնել մանդատները Ծառուկյանի ոտքերի տակ: Այսպիսով, մինչ օրս դեռ հստակ չեն «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների անունները:
Ենթադրվում է նաեւ, որ այս քննարկումից հետո պարզ կդառնա, թե ով է լինելու ԱԺ փոխնախագահ: Հիշեցնենք, որ նոր Սահմանադրությամբ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է ընդդիմությունից լինի, իսկ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը խորհրդարանում լինելու է «Ծառուկյան» դաշինքը, հետեւաբար, ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնը տրվելու է այս դաշինքին:
Այս քննարկումից հետո հստակ կլինեն նաեւ խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի անունները, ինչպես նաեւ այն 3 հանձնաժողովների նախագահների անունները, որոնք, ըստ Դոնթի բանաձեւի՝ տրվելու են դաշինքին:
Այս պահին արդեն դաշինքի անդամները գալիս են հանդիպման, բայց նրանք խուսափում են լրագրողների հարցերին պատասխանելուց: Վահե Էնֆիաջյանը միայն ասաց, որ ներքին հարցեր են քննարկելու:
ԱԺ փոխնախագահին վերաբերող եւ մնացյալ բոլոր հարցերը Վահե Էնֆիաջյանը անպատասխան թողեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ