Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավագանու ընտրությունները փոխարինեցին հնդկական սերիալներին». Ժիրայր Դադասյան

Մայիս 17,2017 14:45

Բեմադրիչ Ժիրայր Դադասյանի բնորոշմամբ, ավագանու ընտրությունն իսկական շոու էր:

«Ես մի բանի համար եմ ուրախ, որ բոլորը նայել են այդ եթերները եւ չեն նայել հնդկական սերիալներ: Այդ շոուն փոխարինեց հնդկական սերիալներին», -Aravot.am-ին ասաց բեմադրիչը:

Մեր հարցին՝ հատկապես ձեզ համար ինչն էր շոու, պարոն Դադասյանը պատասխանեց. «Փորձեցի երեւակայել՝ ինչպես է Տարոն Մարգարյանը ներխուժում Զարուհի Փոստանջյանի շտաբ ու պահանջում բացել ինչ-որ դարակներ, ոչ մի կերպ չկարողացա պատկերացնել, բայց հակառակը տեսա ուղիղ եթերում, թե ինչպես են նաեւ լրագրողները ոգեւորված այդ փաստով: Դարակներում կարող էր նաեւ գումար ու ցուցակ լինել, բայց դա դեռ չի որոշում՝ ինչի համար է այդ ամեն ինչը, այդ ամենը ինձ համար ուղղակի փողոցի խոսակցություններ են: Ինձ համար զարմանալի էր, որ այն մարդիկ, որոնք ուզում են օրինական երկիր ստեղծենք, ոտնձգություն են անում մարդու իրավունքի, մարդու սեփականության, տարածքի վրա, որտեղ իրավունք չունի մտնել, այսինքն, ոչ մեկն այդ կողմից չի նայում»:

Պարոն Դադասյանի համոզմամբ, քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուները՝ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը, փորձում էին «կեղտ բռնել» իշխանության վրա՝ իրենց շտաբային այցերով. «Ես ավելի հարգանքով եմ վերաբերվում ՀՀԿ-ի քարոզարշավին, որն ավելի հավասարակշռված էր… Հայտարարում են՝ համատարած փաստեր կան, համատարած ընտրակաշաք կա, ու ոչ մի բան չկա, բա պետք է ներկայացվի, հետաքննություն արվի, ավելի լավ է փաստեր ներկայացնեն, քան թե հայտարարեն, թե համատարած է, համատարած է, բայց մենք տենց երկիր չենք սարքի, անեկդոտով երկիր չեն սարքում»:

Մեր հարցին՝ այսինքն ընդդիմադիր գործիչներն ավելի շատ խոսում էին ընտրակաշառքի մասին, քան թե փաստեր հավաքագրում ու ներկայացնո՞ւմ, Ժիրայր Դադասյանը պատասխանեց. «Իմ տպավորությունն այդպես է, շատ կուզեի փաստեր լինեին ու ներկայացնեին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031