Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլեւս երբեք Տարոն Մարգարյանը չի կարող այդքան կոնյակներ առնել». Էդմոն Մարուքյան

Մայիս 17,2017 14:15

«Ես ձեզ պաշտոնապես եւ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Երեւանի քաղաքապետարանն այլեւս երբեք այն քաղաքապետարանը չի լինելու, որը կար մինչեւ երեկ, որովհետեւ այնտեղ կա «Ելք» խմբակցություն: Այլեւս երբեք Տարոն Մարգարյանը չի կարող այդքան կոնյակներ առնել, չի կարող անարդյունավետ միջոցները ծախսել, չի կարող ուղղակի»,- Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Մեր դիտարկմանը, որ ձեր մանդատները չի բավարարի՝ այդպես բեկում մտցնելու քաղաքապետարանի որոշումներում, ինչ էլ ուզեն, կդնեն քվեարկության եւ կանցկացնեն՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Կբավարարի, խոսքը գնում է փոխզսպման մասին, ամեն ինչ չէ, որ քվեարկությունն է որոշում: Կարող են որոշումը անցկացնել, բայց հասարակական կարծիքի ձեւավորման, հակակշռման հարցում մենք դեր ենք ունենալու: Վերջիվերջո որոշում են ընդունել, ասենք, կոնյակ առնել, «Ելք» դաշինքի վերահսկման արդյունքում այդ կոնյակը կառնեն ամենաէժան գնով եւ ատկատ չի լինի գոնե այդ որոշման մեջ, ոնց որ նախկինում եղել է: Որոշե՞լ են նստարան առնեն, օրինակ, քաղաքի համար, «Ելք» դաշինքի ջանքերի շնորհիվ այդ նստարանը կառնեն ամենաէժանը եւ քաղաքի բյուջեն չի մսխվի: Սրա մասին է խոսքը: Պարզ է, որ մենք մեծամասնություն չենք եւ չենք կարողանա որոշումներ կայացնել, բայց մյուս կողմից մենք բազմաթիվ ծրագրեր ունենք, որ կարող է մեր խմբակցությունը լոբբինգ անել, ընդունել եւ իրականացնել, եւ քաղաքն իմանա, որ դա «Ելք» դաշինքի ծրագիրն է»:

Ի դեպ, նստարանների հետ կապված, երբ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ նույն նստարանը, որը Տարոն Մարգարյանը 160 հազար դրամով է գնում, փորձագետներն ասում են, որ նույն նստարանը կարող են կառուցել նաեւ 65 հազար դրամով՝ մեզ հետ զրույցում Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը հերքել էր՝ վստահեցնելով, որ դա չի կարող նույն որակական չափանիշների լինել, իրենք գնում են ամենաէժանն ու որակյալը: Այս առնչությամբ Էդմոն Մարուքյանն ասաց. «Այդ ընկերությունը, որը պատրաստում է այդ նստարանները, արտադրում է մի շարք բաներ, որը միայն քաղաքապետարանին է սնուցում: Այսինքն, ի՞նչ է ստացվում, ինչ-որ մեկին, ինչ-որ իրենց ախպեր Գագասիկին ասել են՝ գնա մի հատ ՍՊԸ բացիր, սկսիր արտադրել նստարան, ծառերի եսիմ ինչեր, աղբաման, քաղաքին ինչ անհրաժեշտ է, ասել են՝ այդ բաներն արտադրի, մենք քեզանից կառնենք: Իսկ մենք ասում ենք՝ մենք մրցակցության կողմնակից ենք եւ ստվերային տնտեսությունից դուրս հանելու այդ կոռուպցիոն իրավիճակները, որ շատ էժան գներով գնումներ կատարեն, սա է մեր ասածը: Երեւան քաղաքում ավելի շատ նստարաններ կլինեն ավելի լավ որակով՝ շնորհիվ «Ելք» դաշինքի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031