Լրահոս
Օրվա լրահոսը

3 գեղեցկուհի Հայաստանից կմասնակցի «Միսս ԱՊՀ»-ին

Մայիս 17,2017 14:05

Երևանում հունիսի 6-ին կայանալիք «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին Հայաստանը կներկայացնեն երեք գեղեցկուհիներ: Արփինե Բալյանը, Մարինե Մարգարյանը և Զառա Մինասյանն արդեն իսկ մեծ փորձ ունեն, նրանք հասցրել են մասնակցել գեղեցկության մրցույթների ու տարբեր ցուցադրությունների: Գեղեցկուհիները պատրաստվում են հավուր պատշաճի ներկայացնել սեփական երկիրը, որպեսզի հաղթական դափնին բաժին հասնի հենց Հայաստանին:

«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի «Փարավոն» ժամանցի համալիրում: «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, որոնք հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։ «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը կազմակերպել են երկու կազմակերպություն՝ «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա)՝ և «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալությունը (Երևան)։

«ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված է ոլորտի 11 փորձառու մասնագետ` Հայաստանից եւ ԱՊՀ անդամ տարածքի երկրներից։ Գեղեցկության մրցույթին մասնակցում է 13 երկիր: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ:

Տեղեկացնենք, որ միջոցառման աջակիցների թվում են ԱՊՀ Միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը:

Հայաստանը ներկայացնող մասնակիցներից Արփինե Բալյանը 2010 թ. մասնակցել է SuperModel (3-րդ տեղ) և «Միսս Ուսսուրիյսկ» մրցույթներին (2-րդ տեղ): Սովորում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում:

Մարինե Մարգարյանը մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների և գրավել մրցանակային հորիզոնականներ, ինչպես նաև հանդես եկել նորաձևության ցուցադրությունների ժամանակ: Ավարտել է «ATEX» նորաձևության կենտրոնը: Այժմ սովորում է Հայ-ռուսական համալսարանի Կառավարման ֆակուլտետում:

Զառա Մինասյանը սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: Առաջին քայլերը կատարել է «ATEX» նորաձևության կենտրոնում: Մասնակցել է մի շարք դիզայներների հավաքածուների ցուցադրությունների, նկարահանվել գովազդներում, հեռուստասերիալներում: Հաղթել է «Միսս Լողափ 2009» մրցույթում, մասնակցել Elite Model Look, Martini Royale Casting մրցույթներին: Իսպանիայում 2014 թ. մասնակցել է Best model of the world-ին՝ ընդգրկվելով լավագույն 5-յակում:

Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031