«Իրանն ունի իր արտաքին եւ ներքին քաղաքական օրակարգերը: Չեմ կարծում, որ որեւէ թեկնածուի՝ նախագահ ընտրվելու դեպքում տեղի ունենա Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Իրանի մեջլիսի պատգամավոր Կարեն Խանլարյանի հայտարարությանը, թե իրանահայ համայնքը նախագահի թեկնածուների առաջ բարձրացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Իրանում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցերը, ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
«Իրանն իսլամական հանրապետություն է: Որքան էլ նա ջերմ հարաբերություններ ունենա ՀՀ-ի հետ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հոռետես պետք է լինել»,-համոզմունք հայտնեց Արտյոմ Տոնոյանը:
Ինչ վերաբերում է մշակույթին, փորձագետի խոսքով՝ Իրանում հայկական եկեղեցիները բավականին լավ են պահպանվում, մասնավորապես՝ պատմական Ատրպատականում. «Կրոնական ճնշում հայ համայնքի հանդեպ չկա: Իրանը հնարավորինս անում է՝ հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ