Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կամուրջները» ԵԱՏՄ-ում

Մայիս 17,2017 12:55

Եվրասիական տնտեսական միությունը եվրասիական տնտեսական ամենախոշոր ինտեգրացիոն հանգույցն է, որը հավակնում է մրցակցել կամ համադրելի լինել այնպիսի խոշոր ինտեգրացիոն ծրագրի հետ, ինչպիսին Եվրոպական միությունն է:

Չնայած ԵԱՏՄ գաղափարախոսների արած պնդումներին, թե եվրասիական տնտեսական ինտեգրացիան կարող է լուրջ հավակնություններ ունենալ, սակայն ԵԱՏՄ-ում ընդունված է մեկ այլ կոնցեպտ, համաձայն որի այդ կառույցի անդամ երկրները ձգտում են լինել «կամուրջ» մնացյալ աշխարհի և ԵԱՏՄ-ի միջև: «Կամուրջի» գաղափարը ԵԱՏՄ-ում հաճախ կիրառվում է որպես քարոզչական հնարք տարատեսական հանդիպումներին ու կլոր սեղաններին աշխարհքաղաքական լուրջ առոգանություն հաղորդելու համար:

Հետաքրքիր է, որ ԵԱՏՄ-ի անդամ բոլոր երկրները առանց բացառության ձգտում են կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի և այլ կողմերի միջև:

Հայաստան

Օրինակ հենց Հայաստանը: Հայաստանի եվրասիական ինտեգրացիոն ուղին «ընտրելու» գործընթացն ուղեկցվում էր ակտիվ քարոզչությամբ, որ ահա, Երևանն իրականացնելով «և-և»-ի քաղաքականությունը՝ մի շատ կարևոր կամուրջ կդառնա ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև: Ավելին, ըստ «կամուրջի» այսպես ասած տեսության՝ Հայաստանը պետք է իրար կապի նաև ԵԱՏՄ-ն ու Իրանը: Նկատենք, որ այս հայտարարություններն արվում են երկրի վարչապետի ու նախագահի կողմից:

Սակայն, իրավիճակը դրամատիկ է այնքանով, որ Հայաստանը «կամուրջի» գործով չունի առաջընթաց և ունի լուրջ մրցակիցներ:

Բելառուս

Բելառուսը ԵԱՏՄ-ը ամենաարևմտյան երկիրն է: Արևմուտքից այն սահմանակցում է ԵՄ անդամ Լեհաստանին, իսկ հյուսիսից՝ Լատվիային ու Լիտվային: Բնականաբար, Մինսկում ևս դիտարկում են իրենց որպես կամուրջ՝ ԵՄ ու ԵԱՏՄ միջև: Նման գաղափարի կողմնակից է հանդիսանում, մասնավորապես, Բելառուսում ակտիվ քաղաքական գործիչ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության կողմնակից Օլեգ Գայդուկևիչը:

Ղազախստան

Տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական կամուրջ լինելու գաղափարն իսկապես հրապուրիչ է ու կարող է ստանալ տարատեսական դրսևորումներ:

Այդպես, միջինասիական Ղազախստանը, ինչպես հայտնել է այդ երկրի առաջին փոխվարչապետը, ցանկանում է «կամուրջ» լինել ավելի լայն ձևաչափով՝ օգտագործելով ԵԱՏՄ-ն: Ըստ այս տեսության՝ ԵԱՏՄ-ն պետք է կամուրջ հանդիսանա Եվրոպայի ու Ասիայի միջև ու Ղազախստանը այս հարցում, անշուշտ, կարևոր դերակատարում պետք է ստանձնի:

Ղրղզստան

Ավելի իրատեսական են, թերևս, Ղրղստանի «կամրջային» սպասելիքները: ԵԱՏՄ այս երկիրը սահմանակից է Չինաստանին ու մինչ եվրասիական տնտեսական ինտեգրացիային միանալը բավական աշխույժ հարաբերություններ ուներ Չինաստանի հետ առևտրի ազատ գոտու շնորհիվ: Ներկայում իրավիճակը Ղրղզստանում փոխվել է և այժմ Բիշքեկում կարծում են, որ կարող են կամուրջ հանդիսանալ Չինաստանի ու ԵԱՏՄ երկրների միջև, ինչի մասին հայտարարել է այդ երկրի էկոնոմիկայի նախարարությունը:

Ռուսաստան

Հետաքրքիր է, սակայն, որ «կամուրջի» գաղափարը արծարծվել է նաև Ռուսաստանում, որը ԵԱՏՄ առանցքային, ամենամեծ ու նախաձեռնող երկիրն է: Ռուսաստանը եվրասիական այն առանցքն է, որին փորձում են հասնել կամուրջները, ինչը չի խանգարել, որպեսզի «կամուրջի» գաղափարը «ծիլ տա» նաև այստեղ:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, կարծում է, որ Ռուսաստանի որոշ շրջաններ, ի դեմս իրենց տրանսպորտային ենթակառուցվածքների, կարող են կամուրջ հանդիսանալ ԵԱՏՄ-ի ու «Մետաքսի ճանապարհի» միջև: Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը հակասություններ չի տեսնում ԵԱՏՄ-ի ու «Մետաքսի ճանապարհի» միջև, հակառակը՝ ցանկանում է, որպեսզի այդ երկու ծրագրերի միջև կամուրջներ կառուցվեն:

Այսպիսով, ստացվում է, որ ԵԱՏՄ-ն մի կառույց է, որտեղ անընդհատ հիշատակվում է կողմերի կամուրջ հանդիսանալու պատրաստակամությունը, սակայն զարգացումները ցույց են տալիս, որ իրականում ինտեգրացիոն գործընթացները հենց կառույց անդամ երկրների միջև տեղի են ունենում անչափ դանդաղ, իսկ, օրինակ, Հայաստանի ու Ղրղզստանի առևտրաշրջանառությունը պատկերող խղճուկ թվերը ցույց են տալիս, որ կամուրջներ չկան նույնիսկ ԵԱՏՄ-ի անդամ երկրների միջև:

Անգամ ավելին՝ նկատենք, որ «կամուրջը» ընդամենը ճանապարհ է հզոր արդյունաբերությամբ արտադրողի և հարուստ սպառողի միջև։

Վահե Ղուկսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031