Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից շրջանառության են ներկայացվել ազատությունից զրկված անձանց վիճակը բարելավող օրենսդրական նախագծեր

Մայիս 17,2017 12:52

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների և ստացված բողոքների քննարկման արդյունքների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել են ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին», ինչպես նաև «Նույնականացման քարտի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծեր՝ համապատասխան հիմնավորումներով:

Նախագծերն ուղղված են ազատությունից զրկված անձանց կապի ամրապնդմանը մերձավոր ազգականների հետ, քրեակատարողական հիմնարկում նրանց վիճակի բարելավմանը:

Այդ հարցերը տեղ են գտել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցում, ինչպես նաև քննարկվել են Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդում:
Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է.

· ազատազրկման դատապարտված և կալանավորված անձանց կարճատև և երկարատև տեսակցություններ, ինչպես նաև կարճատև մեկնումներ տրամադրելու հիմքում դնել ոչ թե անձի կատարած հանցագործության ծանրության աստիճանը, այլ հաշվի առնել վերջինիս անհատական վարքագիծը և ռիսկայնությունը,
· կալանավորված անձանց համար նախատեսել երկարատև տեսակցության հնարավորություն,
· մերձավոր ազգականների հետ կապն ապահովելու նպատակով նախատեսել դատապարտյալին քրեակատարողական մեկ հիմնարկից նույն տեսակի մեկ այլ հիմնարկ տեղափոխելու օրենսդրական հիմք,
· առանց խնամքի մնացած երեխա ունեցող դատապարտյալի համար նախատեսել կարճաժամկետ մեկնում տրամադրելու հնարավորություն՝ երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով,
· ժամանակավոր վկայական ստանալու հնարավորություն նախատեսել ոչ միայն ազատազրկման դատապարտված, այլ նաև կալանավորված անձանց համար,
· քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու խնդրանքի հիման վրա վերցված ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը տրամադրելու պարտականություն նախատեսել ոչ միայն ազատազրկման դատապարտված, այլ նաև կալանավորված և ձերբակալված անձանց համար:

Վերոնշյալ նախագծերը և դրանց հիմնավորումները ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ օրենքով սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու համար: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախագծերը կարծիքի կուղարկվեն նաև համապատասխան իրավապաշտպան կազմակերպություններին:
Ստացած կարծիքները կքննարկվեն բոլոր շահագրգիռ մարմինների և իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու նպատակով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031