Մայիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ «Շարմ Հոլդինգ» ընկերությունը կազմակերպեց «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի դիտումը սփյուռքահայ ուսանողների, սիրիահայ հայրենադարձ ընտանիքների համար:
Ներկաներն առանձնակի հուզմունքով դիտեցին ֆիլմը, որից հետո ռեժիսոր Մհեր Մկրտչյանն ու դերասանները զրուցեցին հանդիսատեսի հետ:
Սփյուռքահայ ուսանողների խորհրդի փոխնախագահ Սարգիս Ղազարյանն ընդգծեց, որ հայ հանդիսատեսը միանգամից սիրեց ու բարձր գնահատեց ֆիլմը՝ հավելելով. «Պարզապես անհրաժեշտ է կոմերցիոն նպատակներով նկարահանված ֆիլմերի կողքին ստեղծել ազգային գաղափարախոսություն, արժեհամակարգ ձևավորող նման գործեր»:
Դերասանուհի Նարինե Գրիգորյանը նշեց, որ ինքը և դերասանական ողջ կազմը հաճույքով ու նվիրումով են աշխատել Մհեր Մկրտչյանի հետ՝ գիտակցելով, թե որքան կարևոր ասելիք ունի ֆիլմը ինչպես հայաստանցիներին, այնպես էլ Սփյուռքի հայությանը:
«Ֆիլմը հայության բոլոր շերտերի, աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերի համար է: «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանումների ընթացքում սկսվեց ապրիլյան պատերազմը, որն էլ մեզ մղեց ստեղծելու երկրորդ ֆիլմը», – նշեց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:
Հանդիսատեսն անդրադարձավ նաև ֆիլմի երաժշտությանը՝ նշելով, որ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի երաժշտությունն ամբողջացնում և ավելի հոգեհարազատ է դարձնում ֆիլմը:
«Պատահական չէ, որ Սփյուռքում այդքան լավ ընդունվեց և այդպես սիրվեց առաջին ֆիլմը: Վստահ եմ, որ նույն ճակատագրին կարժանանա «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»-ը», -ասաց սիրիահայ հայրենադարձ տիկին Աշխենը:
Հանդիպման ավարտին ներկաները շնորհակալություն հայտնեցին ստեղծագործական խմբին նման հնարավորություն ընձեռելու համար և հույս հայտնեցին, որ հայ իրականության մեջ կշարունակեն ստեղծվել բարձրարժեք ֆիլմեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ