Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության գործունեությունը մոտեցավ եզրագծին. «Հայոց Աշխարհ»

Մայիս 17,2017 12:17

Ավարտվում է կառավարության գործունեության ժամկետը։ Վաղը Կարեն Կարապետյանի գլխավորած գործադիր մարմինը կներկայացնի իր հրաժարականը։ Այն աշխատեց ընդամենը 7-8 ամիս։ Հիշեցնենք, որ Կ.Կարապետյանը վարչապետ նշանակվեց անցած տարվա սեպտեմբերի 13-ին։

Չնայած գործունեության կարճ ժամանակահատվածին՝ այնուհանդերձ կառավարությանը հաջողվեց դրական մթնոլորտ ձեւավորել Հայաստանի տնտեսական միջավայրում։ Ձեռնարկվեցին շատ քայլեր տնտեսական իրավիճակը բարելավելու ուղղությամբ։
Փոխարենը՝ սոցիալական ոլորտում կառավարության ձեռքբերումներն այնքան էլ շոշափելի չեն, չհաշված գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը եւ սոցիալական խմբերին հավելյալ արտոնությունների տրամադրումը։ Պետական բյուջեի եկամուտների սղությունը թույլ չտվեց ավելացնել ինչպես աշխատավարձերը եւ կենսաթոշակները, այնպես էլ մյուս սոցիալական վճարները։ Մինչդեռ շատ ավելի երկար ժամանակ է պահանջվում, որ հասարակությունը զգա տնտեսական գործընթացների ուղղակի ազդեցությունը սեփական կենսամակարդակի վրա։

Վարչապետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո Կ.Կարապետյանը հայտարարեց իր ծրագրի երկու՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ բաղադրիչների մասին։ Այս ընթացքում հաջողվեց իրականացնել միայն առաջին փուլի միջոցառումները։ Ենթադրվում է, որ ծրագրի երկարաժամկետ բաղադրիչը կգործարկվի նոր կառավարության կազմավորումից հետո, որը, ինչպես հայտնի է, դարձյալ գլխավորելու է Կ.Կարապետյանը։
Գործունեության մեկնարկին կառավարության նախաձեռնությամբ վերանայվեցին էներգակիրների սակագները։ Գազամատակարար ընկերության ներկայացրած հայտի հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նվազեցրեց գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները։

Կառավարության առաջարկությամբ սոցիալապես անապահով ընտանիքները ստացան շոշափելի զեղչեր։ Գործող 146 դրամի փոխարեն մինչեւ 600 խոր. մետր գազ օգտագործելու դիմաց սպառողների այս խմբի համար սահմանվեց 100 դրամ սակագին։ Թեկուզ ոչ մեծ չափով, բայց էժանացավ նաեւ էլեկտրաէներգիան։
Էներգակիրների սակագնային քաղաքականության միջոցով գործադիրը փորձեց դրական ազդակներ հաղորդել տնտեսությանը, մասնավորապես՝ ջերմոցային տնտեսությանը եւ վերամշակող արդյունաբերության առանձին ճյուղերին, որոնց համար սահմանվեցին արտոնյալ սակագներ։

Ն. Սարգսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031