Իրանում մայիսի 19-ին սպասվելիք նախագահական ընտրություններում թեժ պայքարն ընթանում է գործող նախագահ Հասան Ռոհանիի եւ պահպանողական ճակատը ներկայացնող Էբրահիմ Ռաիսիի միջեւ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
«Ռոհանին մեծ հաշվով չի կարողացել իրականացնել նախորդ խոստումները: Գործազուրկների թիվը ոչ միայն չի կրճատվել, այլեւ մեծացել է: Բնապահպանական խնդիրները չեն լուծվել, իսկ Արեւմուտքի հետ հարաբերությունները մասամբ են բարելավվել՝ Իրանի կողմից զիջումներով: Ռոհանին այս առումով ծանր վիճակում է հայտնվել, մինչդեռ ամիսներ առաջ շատերն էին համարում, որ նա արժանի մրցակից չի ունենալու: Սակայն դեկտեմբերին Ռաիսին իրավիճակ փոխեց՝ համախմբելով պահպանողականներին»,-իրավիճակն այսպես ներկայացրեց փորձագետը:
Նրա բնորոշմամբ՝ Ռոհանին եւ Ռաիսին գրեթե հավասար հնարավորություններ ունեն. «Ռոհանիի միակ հաղթաթուղթն այն է, որ նախորդ չորս տարում իրանցիներին որոշակի ազատություններ են տրվել: Ռոհանին պարբերաբար շեշտում է, որ եթե իրանցիները ձայնը տան Ռաիսիին, կկորցնեն այդ ազատությունները»:
Արտյոմ Տոնոյանը կարծում է, որ Ռոհանիի վերընտրվելու դեպքում հայ-իրանական հարաբերություններում փոփոխություններ չեն լինի: Միաժամանակ՝ չի կարծում, որ Ռաիսիի իշխանության գալու դեպքում բացասական փոփոխություններ ի հայտ կգան: «Երկու թեկնածուների նախընտրական ծրագրերում ՀՀ-ի հետ հարաբերությունների, եւ առհասարակ` տարածաշրջանային հարաբերությունների մասին անդրադարձ չկա: Քարոզարշավը եւ նախընտրական ծրագրերը ներքին խնդիրների վրա են հիմնված»,-նկատեց Տոնոյանը:
Թեմայի շուրջ այլ մանրամասները ՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ